Մանվել Գրիգորյան

Մանվել Գրիգորյանը չի ցանկացել դատի տալ Հայաստանին. փաստաբան

205
Գրավի դիմաց ազատ արձակված Մանվել Գրիգորյանի փաստաբանը մեկնաբանել է, թե ինչու իրենք չեն դիմում Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հրաժարվել է իր կալանքի հարցով դիմել Եվրոպական դատարան։ Այս մասին այսօր՝ հունվարի 21–ին, լրագրողներին ասաց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

«Երբ դատարանները բավարարում էին Մանվել Գրիգորյանին կալանավորելու՝ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները, մենք Մանվել Գրիգորյանին առաջարկեցինք դիմել Եվրոպական դատարան, բայց նա հրաժարվեց՝ պատճառաբանելով՝ Հայաստանին դատի չեմ տա»,–ասաց Բաղդասարյանը։

Asatur Yesayants
Լևոն Բաղդասարյան

Փաստաբանի խոսքով` ՄԻԵԴ դիմելու հիմքը կարող էր դառնալ Գրիգորյանին միայն քննիչների ենթադրությամբ կալանավորելը, բայց իրենց պաշտպանյալի հրաժարվելուց հետո նրանք այդ թեմայով Գրիգորյանի հետ այլևս չեն խոսել։

Ինչ վերաբերում է նրա առողջական խնդրին, փաստաբանը նշեց, որ այս պահին Գրիգորյանը չի կարող բուժումը շարունակել արտերկրում, ինչը պլանավորում էր կալանավորումից առաջ։ Փաստաբանը նաև շեշտեց, որ Մանվել Գրիգորյանը պատիժ չի կրում, նրա նկատմամբ քրեական գործի նախաքննությունը չի ավարտվել և նրա նկատմամբ միայն խափանման միջոց է կիրառված։

«Ես բազմիցս հայտարարել եմ, եթե կապացուցվի նրա մեղքը, թող նա ամենապատասխանատու ձևով պատիժը կրի, սակայն հիմա նրան տանել բանտ, այն դեպքում, որ նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան, տեղին և օրինաչափ չէ»,–ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ «Երկրապահ» կամավորական միության նախկին նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանին կալանավորել էին (պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո) 2018 թվականի հունիսին` ապօրինի զենք պահելու և զինվորների համար նախատեսված պարենամթերքը յուրացնելու մեղադրանքով։

2018թ–ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Դատարանը նախաքննական մարմնի միջնորդությամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը։

Ավելի ուշ այն փոխարինվել էր 25 մլն դրամ գրավով։ Դատախազությունը բողոքարկել է այս որոշումը Վերաքննիչ դատարանում` պահանջելով նրա նկատմամբ ուժի մեջ թողնել կալանավորման մասին որոշումը։

Վերաքննիչ դատարանն այս միջնորդության վերաբերյալ վճիռը կհրապարակի վաղը` հունվարի 22-ին։

205
թեգերը:
Մանվել Գրիգորյան, Հայաստան
թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (181)
Ըստ թեմայի
Փաստաբանների պալատն ահազանգում է՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանի դեպքն անընդունելի է
Երբ մարդիկ անպատժելիություն են զգում. փաստաբանների հալածանքը ռիկոշետ կլինի իշխանության վրա
Մանվել Գրիգորյանի փաստաբանը նստեց ցուցարարների ավտոմեքենան