ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայտնի հեռուստալրագրող Ռոման Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին վավերագրական ֆիլմի ստեղծման մասին։
Երեկ հայկական «Հինգերորդ ալիքի» եթերում ցուցադրեցին Ռոման Բաբայանի «Մարտի 1-ի գործը» ֆիլմը։ Հեղինակը երկու սերիաներում ներկայացրել է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած իրադարձություների տեսախրոնիկան ու մասնակիցների հիշողությունները։
«Ամեն ինչ սպոնտան ստացվեց։ Ընկերների հետ հիշում էինք 1996-ի նախագահական ընտրությունները, 2008-ի իրադարձությունները։ Այն ժամանակ գործուղման մեջ էի Հայաստանում, լուսաբանում էի այդ իրադարձությունները։ Մեզ հետաքրքիր էր, թե որքանով կհամընկնի այն ժամանակվա իրադարձությունների շուրջ ունեցած մեր պատկերը այն ամենի հետ, ինչ հիմա են ներկայացնում», - ասաց Բաբայանը։
Քանի որ Բաբայանն արդեն լրատվականում չի աշխատում ու տեղեկատվական ռեպորտաժներ չի նկարահանում, որոշվեց, որ վավերագրական ֆիլմն ամենաօպտիմալը կլինի։
Միաժամանակ կասկածներ են եղել, կստացվի արդյո՞ք ֆիլմը, հաշվի առնելով վերջերս մարտի 1-ի գործի հետաքննության վերականգնումը։ Դա վերաբերում է ՀՔԾ-ի ու փաստաբանների հայտարարություններին, պաշտպանության նախկին նախարարի Միքայել հարությունյանին հանձնելու Երևանի պահանջներին, Ռուսաստանի պատասխան հայտարարությանը և այլն։«Գրեթե ամեն օր ինֆորմացիոն նոր միտումներ են ի հայտ գալիս։ Մենք կարող էինք պարզապես չհասցնել իրադարձությունների հետևից», - պատմեց Բաբայանը։
Դժվար աշխատանք էր սպասվում, քանի որ շատ ժամանակ էր անցել, կասկածներ կային՝ արդյո՞ք հնարավոր է գտնել բոլոր մասնակիցներին։ Նրանք տարբեր հանգամանքների բերումով կարող էին չցանկանալ մասնակցել նախագծին։ Բայց որոշեցինք փորձել։
Բաբայանը նշեց, որ բազմիցս փորձել է հարցազրույց ունենալ նաև Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն նա կապի դուրս չեկավ։ Երկու ամիս նա նամակագրություն է վարել Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանի հետ, սակայն հանդիպման հնարավորություն այդպես էլ չի ընձեռվել։
«Պատճառաբանում էին զբաղվածությամբ։ Երևի հենց այդպես էր», - ասաց Բաբայանը։
Մի քանի անգամ հուսադրող խոսքերից հետո նկարահանող խումբը Երևան է եկել։ Բայց վերջիվերջո մեզ ասացին, որ «չի ստացվի, վարչապետը զբաղված է»։
Բաբայանը նշեց, որ աշխատանքի ընթացքում շատերը հրաժարվում էին հարցազրույց տալ։
Կապի դուրս չեկան նաև իրադարձությունների այլ առանցքային մասնակիցներ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից փոխանցեցին Տեր-Պետրոսյանի խոսքերն այն մասին, որ նա չի պատրաստվում Քոչարյանի հետ մեկ ֆիլմում նկարահանվել։ 1996 թվականին Տեր-Պետրոսյանը գրեթե բառ առ բառ ասել էր, որ չի պատրաստվում Վազգեն մանուկյանի հետ նույն ռեպորտաժում նկարահանվել», - նշեց Բաբայանը։
Մարդիկ կային, որ պատրաստ էին խոսել, բայց ոչ տեսախցիկի դիմաց։ Ասում էին, որ վախենում են, որ Հայաստանում կալանավորումներ են ու իրենք չեն ուզում «իրենց կրակը գցել»։
Ֆիլմի նկարահանումները սկսելիս Բաբայանը չէր մտածել, թե հայկական ալիքներից որ մեկով է այն ցուցադրվելու։ Այդ հարցը մի կողմ էին թողել։
Արդյունքում ֆիլմով հետաքրքրվեց «Հինգերորդ ալիքը» (նախկին «Արարատ»)։
Ֆիլմի սցենարը հեղինակել են Ռոման Բաբայանն ու Անտոն Գրիշինը, ռեժիսորն է Դմիտրի Նովոկշոնովը, պրոդյուսերը՝ երջանկահիշատակ Արթուր Ապրեսովը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 360–ով և դարձել 172816։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 մարդ (+189), կատարվել է 736590 (+2526) թեստավորում, առողջացել են վարակվածներից 163738-ը (+227)։ Գրանցվել է մահվան 3202 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 819-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ԱԺ-ն այսօր նիստից առաջ 120 կողմ ձայնով միաձայն հաստատեց «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» հայտարարությունը:
Հայտարարության մեջ նվում է, որ Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքով ողջ միջազգային հանրության հանդեպ ստանձնած պարտավորություններ, խախտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցների պահանջները՝ թաքցնում է իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը և անթույլատրելի կերպով ձգձգում է նշված անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը, փաստացիորեն վերածելով վերջիններիս պատանդների՝ զրկված դատական պաշտպանության որևէ արդյունավետ միջոցից:
Հիշեցվում է նաև, որ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետում ամրագրված է, որ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում։ «Հայկական կողմերն ամբողջությամբ իրականացրել են միջազգային մարդասիրական իրավունքից բխող իրենց պարտավորությունները, մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն հրաժարվում է հայրենադարձել իր մոտ ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելին, Ադրբեջանը, շինծու քրեական հետապնդման ապօրինի գործընթաց նախաձեռնելով, փորձում է զրկել իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Ժնևի կոնվենցիաներով սահմանված կարգավիճակից՝ չտրամադրելով վերջիններիս նշված կոնվենցիաներով նախատեսված իրավունքները, արտոնությունները և այլ երաշխիքները:
«ՀՀ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը և արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում է Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը և վտանգելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը»,– ասված է հայտարարության մեջ:
Ընդունած հայտարարությամբ Ազգային ժողովը մտադիր է բոլոր միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ողջ միջազգային հանրությանը և միջազգային և տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին կոչ անել խիստ գնահատականի և դատապարտման արժանացնել Ադրբեջանի վերը նշված վարքագիծը:
Հիշեցնենք` հայտարարության նախագիծը խորհրդարանին առաջարկել էին մի խումբ անկախ պատգամավորներ: Մարտի 2-ի նիստում որոշվեց այն քննարկել դռնփակ կարգով, ինչը և տեղի է ունեցել երեկ երեկոյան:


