Մհեր Ենոքյան

Սարսափելի սպանության մասին․ ինչպես վարվել Մհեր Ենոքյանի հետ, և ինչ կապ ունի իշխանությունը

1734
23 տարի առաջ սպանության համար ցմահ բանտարկված Մհեր Ենոքյանին ազատելու լուրերը մեծ աղմուկ են բարձրացրել Հայաստանում։

Աշոտ Սաֆարյան, Sputnik Արմենիա

Վերջին օրերին հայ հասարակության և մեդիադաշտի աղմկահարույց թեմաներից մեկը ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին ազատ արձակելու լուրն է։ 23 տարի առաջ իրագործված սպանության մանրամասները վերստին սկսել են քննարկվել ու սահմռկեցնել շատերին։

Սպանության մեջ մեղադրվող անձանցից մեկը՝ Մհեր Ենոքյանը, այն ժամանակ դատապարտվել է գնդակահարության, բայց հետո մահապատիժը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։ Ճաղերի հետևում գտնվելու տարիներին Ենոքյանը միշտ ձգտել է դուրս գալ բանտից՝ պնդելով, որ ինքը մեղավոր չէ։

Սպանությունը վերստին քննարկման թեմա դարձավ այն լուրերից հետո, որ Ենոքյանը համաներում ստանալու խնդրանքով դիմել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Նրան ազատ արձակելու հիմնական լոբբիստը նախկին լրագրող Զարուհի Մեջլումյանն է, որը հիմա գլխավորում է Պետական վերահսկողական ծառայության մամուլի ծառայությունը։ 2013թ-ից նա դարձել է Ենոքյանի կինը։ Տեղեկություն կա նաև, որ դատապարտյալների ներման հանձնաժողովն արդեն դրական եզրակացություն է տվել Ենոքյանին ներում շնորհելու խնդրագրին։

Դրան զուգահեռ Փաշինյանին են դիմել 1996թ-ին սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնողները։ Զոհի հայրը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը, բաց նամակ է ուղղել Փաշինյանին՝ խնդրելով ազատ չարձակել հանցագործին։

Այս հարցում մասնագետները երկու հակադիր կարծիք ունեն։ Ոմանք անթույլատրելի են համարում հանցագործին ներում շնորհելը, որն այդպես էլ չի զղջացել կատարածի համար, մյուսները նշում են, որ 20 տարի անց բանտարկյալը համաներում խնդրելու իրավունք ունի։

Ինչպես կարծում է իրավաբան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը, ներում շնորհելը ենթադրում է, որ մեղադրյալը պետք է ընդունի կատարած հանցագործությունը, զղջա, իսկ ծանր հանցագործություն կատարելու դեպքում պետք է հաշվի առնել տուժած կողմի դիրքորոշումը։

«Համաներման ինստիտուտը չի կարող վերաբերել մարդկանց, որոնք պնդում են, թե իրենք անմեղ են։ 10 տարվա ընթացքում մենք տեսնում ենք, որ Ենոքյանն ու նրա կողմնակիցների բանակը տարբեր հարթակներում պնդում են, որ Ենոքյանը մեղավոր չէ, նա չի սպանել։ Փաստարկներ են բերում, որ Ենոքյանը դարձել է դատական սխալի զոհ։ Եթե այդպես է, ապա եկեք վերսկսենք դատական քննությունը և պարզենք՝ նա է սպանել, թե ոչ», - ասաց Մելիքյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Կարևոր է նաև իմանալ, թե ինչպես է Ենոքյանը ձևակերպել իր խնդրանքը, նա զղջացել է, թե ոչ, ինչպես է վերաբերվում սպանվածի ծնողների դիրքորոշմանը։ Մելիքյանին զարմացնում է համապատասխան պետական կառույցների պահվածքը։ Նրա կարծիքով՝ փորձ է արվում հասարակությունից թաքցնել աղմկահարույց գործի մասին տեղեկությունները, արդարադատության նախարարությունն ուղղակի չի կարող լռել, վաղ թե ուշ ճշմարտությունը ջրի երես դուր կգա։

Օրենքը նաև նախատեսում է, որ համաներման մասին խնդրանքին պետք է կցվեն համապատասխան միջնորդություններ։ Հասարակությունը ցանկանում է իմանալ, թե ով է միջնորդել Ենոքյանին ազատ արձակելու մասին։

«Մենք գործ ունենք միմյանց հակասող մի քանի իրավաչափ շահերի հետ։ Կա դատապարտյալի իրավաչափ շահ, բայց կա նաև տուժածի իրավաչափ շահը։ Կարծում եմ, որ օրենսդրությունը տվյալ դեպքում չի արտացոլում տուժած կողմի շահերը», - նշեց Մելիքյանը։

Այլ տեսակետ ունի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Նրա խոսքով՝ ներում շնորհելը մարդասիրական ակտ է, և վարչապետը կամ նախագահը ոչնչով սահմանափակված չեն, եթե, իհարկե, պաշտոնական բոլոր ընթացակարգերը պահպանվել են։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա ասաց, որ խնդիրը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։ Հասարակությունը հիմա ներգրավվել է մի գործընթացի մեջ, որի մասին նախկինում ոչինչ չի իմացել և որի հետ ոչ մի կապ չի ունեցել։

«Նախկին իշխանությունները ստեղծել են ինստիտուտներ և հանձնաժողովներ, որոնք ձևական են եղել։ Իրականում հարցերը լուծվել են այլ ատյաններում և ուրիշ մարդկանց կողմից։ Օրինակ` ոչ մի արգելք չի եղել, որ Սերժ Սարգսյանի ընկերը ներում խնդրեր այս կամ այն դատապարտյալի համար, այնուհետև հանձնաժողովը տալիս էր դրական եզրակացություն, և այդ մարդուն բաց էին թողնում», - ասաց Աթանեսյանը։

Մհեր Ենոքյանին ներում շնորհելու մասին հարցին պետք է մոտենալ առանց զգացմունքների, անձնական վիրավորանքների և հասարակական կարծիքը մանիպուլացնելու փորձերի։ Հասարակական կարծիքի ծայրահեղ բևեռացման պայմաններում ինչ-որ սարսափելի տեսահոլովակներ տարածելը, ուրիշների անձնական կյանքին խառնվելը կամ փրփուրը բերանին դատապարտյալին պաշտպանելն արդյունավետ չէ։

«Ներման հանձնաժողովում պետք է լինեն հեղինակավոր անձինք, ընդ որում` մեծ մասը պետք է իրավաբաններ չլինեն։ Նրանց կարծիքը պետք է վստահություն ներշնչի մարդկանց։ Եվ եթե հանձնաժողովը կողմ լինի համաներման ակտին, ապա պետք է դա միաձայն անի, որպեսզի քաղաքացիների մոտ նվազագույն կասկած չմնա ակտի իրավացիության և հիմնավորվածության մեջ», - ասաց Աթանեսյանը։

Դատապարտյալի կինը կարծում է, որ քրեական գործի քննությունն ամենասկզբից սխալ հունով է ընթացել։ Երկու մեղադրյալները՝ Մհեր Ենոքյանը և Արամ Հարությունյանը, դատապարտվել են որպես համախոհներ, բայց Հարությունյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, այնուհետև ազատ արձակվելուց հետո լքել է Հայաստանը։ Հարությունյանը քննության ընթացքում չորս անգամ փոխել է ցուցմունքները՝ հիմնական պատասխանատվությունը դնելով Ենոքյանի վրա։ Նրան դատապարտել են 15 տարվա ազատազրկման, իսկ Ենոքյանին՝ գնդակահարության, որն այնուհետև փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։

«Աղաջանով ընտանիքը Արամ Հարությունյանի պահով որևէ պատիժ չի պահանջում, անգամ չի ասում՝ նրան դատապարտեք: Այն դեպքում, երբ Արամ Հարությունյանը ցուցմունքներ է տալիս, որ այնքան կատաղած էի, որ չեմ հիշում՝ քանի անգամ եմ դանակով հարվածել: Կոկորդին ծանր հարված հասցնողը եղել է Արամ Հարությունյանը», - այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Զարուհի Մեջլումյանը։ Նա վստահ է` եթե դատավճռից հանեն Արամ Հարությունյանի ցուցմունքը, գործն ամբողջությամբ կփլուզվի:

Մեջլումյանը կտրականապես հերքում է համաներման հարցերով հանձնաժողովի որոշմանն առնչություն ունենալը։ Ավելին, նա մեղադրում է Աղաջանովների ընտանիքին կեղտոտ տեխնոլոգիաներ կիրառելու, «սեքսի և արյան թեմայով շահարկումների» մեջ՝ ակնարկելով սպանված Աղաջանովի սարսափելի կադրերով տեսահոլովակը և Մեջլումյանի ու Ենոքյանի անձնական կյանքի մանրամասները տարածելը։

Քրեական գործի համաձայն` 1996թ. հուլիսի 12-ին Երևան քաղաքի բնակիչ Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20 000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Աղաջանովին տարել են Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ շահադիտական նպատակներով և առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին:

Ենոքյանը մետաղյա գործիքով (разводной ключ) հարվածներ է հասցրել Աղաջանովի գլխին, ապա դանակով հարվածել կրծքավանդակին ու աչքին։ Այդ ընթացքում Արամ Հարությունյանը բռնել է Աղաջանովի ոտքերը, իսկ, երբ նա ուշաթափվել ու ընկել է, Ենոքյանի հրահանգով կտրել է Իոսիֆ պարանոցը։

Աղաջանովին սպանելուց հետո նրանք դիակը դրել են նախապես ձեռք բերված բրեզենտե պայուսակի մեջ, դուրս տարել և թաքցրել հողածածկ ճանապարհի եզրով կառուցված բետոնե հենապատի հետևում ու ծածկել քարերով:

Դատաքննության ընթացքում Մհեր Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել և այսօր էլ պնդում է, որ մեղավոր չէ։ Դատարանում հայտարարել է, թե փորձել է կանխել հանցագործությունը, բայց չի հաջողվել: Թեև համացանցում հրապարակված տեսանյութում Ենոքյանն իրավապահներին հայտնում է. «Մարդ ենք սպանել» ու նաև որոշ մանրամասներ պատմում այդ սպանությունից։

1734