Մանդատների հանձնում

Հայաստանի ամենատարեց ընտրողը օրհնեց նորընտիր ԱԺ պատգամավորներին

163
Նորընտիր պատգամավորներին 1–ին մանդատը հանձնեց 103–ամյա լոռեցի ընտրող Բավական Փիլոյանը։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը: 

Առաջին մանդատը հանձնելու պատիվը տրված էր Հայաստանի ամենատարեց ընտրողին` Լոռիի Սարահատ գյուղի բնակիչ, 103–ամյա Բավական Փիլոյանին։

Նրան բեմ բերեցին սայլակով, իսկ արդեն բեմի վրա օգնեցին, որ կանգնի։

Ամենատարեց ընտրողին հետևեց ամենաերիտասարդ ընտրողը`18–ամյա Արշալույս Աբրահամյանը։ Արշալույսը Արարատի մարզի Ոսկեպատ համայնքի բնակիչ է։ Աղջկա 18 տարին լրացել է հենց արտահերթ ընտրության օրը` 2018թ.–ի դեկտեմբերի 9–ին։

Մնացած պատգամավորները ևս իրենց մանդատները ստացան ընտրողների ձեռքից, որոնք Հայաստանի տարբեր մարզերի և մայրաքաղաք Երևանի բնակիչներ են։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատահականության սկզբունքով ընտրել էր 28 մարդու` ամեն ընտրատարածքից երկուսին, ևս երկուսին ընտրել էին որպես 2018 թվականի դեկտեմբերի 9–ին առաջին անգամ քվեարկած մարդկանց։Նշենք, որ Հայաստանի 3–րդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է, որ ԱԺ պատգամավորների մանդատները հանձնվում են ոչ ԿԸՀ–ում և այսպիսի հանդիսությամբ։

Հիշեցնենք` նոր գումարման խորհրդարանի պատգամավորների մանդատների հանձման արարողությունը կկայանա հունվարի 10–ին, ժամը 13:00–ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Նշենք, որ նախորդ տարիների ընթացքում մանդատները հանձնում էին ԿԸՀ–ի շենքում։ Այդ անգամ որոշվել է ձանձրալի միջոցառումը հետաքրքրացնել մշակութային բաղադրիչով։

2018 թվականին դեկտեմբերի 9–ին Հայաստանում կայացան ԱԺ արտահերթ ընտրությունները։ 2019 թվականի հունվարի 4–ին ՀՀ ԿԸՀ–ն հայտարարեց նոր գումարման ԱԺ պատգամավորների ցանկը։ 7–րդ գումարման ԱԺ–ում ամենախոշոր խմբակցությունը «Իմ քայլը» դաշինքն է`Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որի կազմում 88 պատգամավոր կա։

Պատգամավորների քանակով երկրորդ խմբակցությունը «Բարգավաճ Հայաստանն» է` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Կուսակցությունը 26 պատգամավորական աթոռ է ստացել։ Խորհրդարանական եռյակը եզրափակում է Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»։ Այն նոր ԱԺ 18 պատգամավոր կունենա։

163
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Իմ քայլը» դաշինք, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (356)
Ըստ թեմայի
Հայտնի է` նորընտիր ԱԺ–ի պատգամավորները երբ և որտեղ կստանան իրենց մանդատները
ԱԺ–ն մեկ տարում ավելի քան 400 մլն դրամ է տնտեսել. որտե՞ղ է հիմա այդ գումարը
Փաշինյանն առաջարկեց ծափերով ճանապարհել խորհրդարան գնացողներին