Զոհրաբ Մնացականյան

Իրավիճակը գերզգայուն է. ՀՀ–ի և Ղազախստանի ԱԳՆ ղեկավարները խոսել են Կարագանդայի դեպքի մասին

88
Զրուցակիցներն ընդգծել են կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանն ազգամիջյան նրբերանգ տալու անթույլատրելիությունը:

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ հունվարի 7-ին, հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտգործնախարար Բեյբութ Ատամկուլովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Շնորհավորելով ու հաջողություն մաղթելով գործընկերոջը ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել է երկու երկրների հարաբերություններին և մասնավորապես Ղազախստանի հայ համայնքի դերակատարությանը:

Զրույցի ընթացում չի շրջանցվել նաև Կարագանդայում տեղի ունեցած ողբերգական միջադեպը:

Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները երկուստեք ընդգծել են կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանն ազգամիջյան նրբերանգ տալու փորձերի անթույլատրելիությունը:

Զրուցակիցները կարծիք են հայտնել, որ ստեղծված իրավիճակը գերզգայուն է, ուստի հարկ է բացառել հանրային կարծիքը միտումնավոր շեղելուն և լարվածություն առաջացնելուն ուղղված քայլերը: Այդ առնչությամբ կողմերն ընդգծել են Հայաստանի և Ղազախստանի տարբեր գերատեսչությունների միջև անմիջական կապի պահպանման կարևորությունը:

Հիշեցնենք` դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ։ 23-ամյա երիտասարդ է մահացել, ևս երեքը տուժել են։ Վեճի մասնակիցների հստակ թիվը հայտնի չէ, բայց, որոշ տվյալների համաձայն, վեճին մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել։

Ծեծկռտուքի և սպանության փաստով երեք տղամարդու են ձերբակալել` Քաիր Նադիրբեկովին, Թորգոմ Մալխասյանին, Սոխակ Մալխասյանին։ Նրանց կասկածում են ծանր հանցագործության մեջ։ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հանրապետական հետախուզում է հայտարարվել։ Քրեական գործեր են հարուցվել ՔՕ 99 («սպանություն») և 293 («խուլիգանություն») հոդվածներով։

Սպանությունից հետո սոցցանցերում սկսել են հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչեր հնչել, ըստ որոշ տեղեկությունների` Ղազախստանում բողոքի ակցիաներ են անցկացվում։ Այս կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ազգամիջյան թշնամանք հրահրելու վերաբերյալ։

88
թեմա:
Հայերի մասնակցությամբ միջադեպ Կարագանդայում (15)
Ըստ թեմայի
Գերզգայուն հարց է. ազգամիջյան երանգ տալը դատապարտելի է. ՀՀ ԱԳՆ–ն`Ղազախստանի դեպքերի մասին