ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները պետք է զարգանան ոչ թե առկա խնդիրները լուծելուց հետո, այլ դրանց զուգահեռ։ Հայ–իսրայելական համագործակցության համար չպետք է փորձաքար դառնան ո՛չ Բաքուն, ո՛չ Թեհրանը։ Այս հարցում համոզված է «Իսրայել–Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը։
«Հարաբերությունները պետք է զարգանան, և զարգացմանը զուգահեռ կողմերը պետք է լուծեն առկա խնդիրները», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ցինկերը։
Համագործակցությունը, որը Հայաստանն իրականացնում է Իրանի, իսկ Իսրայելն Ադրբեջանի հետ, չպետք է խանգարի հայ–իսրայելական հարաբերությունների բնականոն զարգացմանը։ Սխալ է սպասել բոլոր խնդրահարույց հարցերի լուծմանը և միայն հետո զարգացնել համագործակցությունը։
«Եթե խնդիրներ որոնենք, ապա դրանք միշտ կարելի է գտնել», – ասաց Ցինկերը։
Նրա խոսքով` երկկողմ հարաբերությունների զարգացման համար ամենից առաջ պետք է խորացնել տնտեսական ոլորտի համագործակցությունը։ Ինչպես նշեց Ցինկերը, հայտնի է, որ քաղաքականությունը տնտեսության խտացված դրսևորումն է։
Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանի և Իսրայելի հարաբերություններում վրա հասած դադարը պայմանավորված է նաև նրանով, որ Թել Ավիվը և համաշխարհային հանրությունը փորձում են հասկանալ, թե ինչ ճանապարհով կգնա Երևանը։ Երկկողմ հարաբերությունների միտումների մասին կարելի է խոսել արդեն այն բանից հետո, երբ Հայաստանում կձևավորվի նոր խորհրդարանն ու կառավարությունը։
Հունվարի 1–ից Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիյահու Յերուշալմին անցնում է թոշակի, 2019թ–ին արդեն նոր դիվանագիտական ներկայացուցիչ կլինի Հայաստանում։ Երևանն իր հերթին պետք է ընտրի Հայաստան–Իսրայել միջխորհրդարանական բարեկամության խմբի նոր նախագահին։
Միակ ուղղությունը, որտեղ երկրները հաջողությամբ համագործակցում են, զբոսաշրջությունն է հատկապես ուղիղ ավիաչվերթեր բացելուց հետո։ Զբոսաշրջային խմբերը գոհ են մնում Հայաստան այցելելուց հետո, Հայաստանից Իսրայել ավելի քիչ են մեկնում, որի պատճառն առանց վիզայի ռեժիմի բացակայությունն է և Իսրայելում հանգստանալու բարձր գները։
«Գործակցության մյուս ոլորտներն առայժմ բավական ցածր մակարդակում են, և դա բազմաթիվ պատճառներ ունի», – ասաց Ցինկերը։
Նա հույս հայտնեց, որ 2017թ–ի հուլիսին Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարի երևանյան այցի ընթացքում ստորագրված երկկողմ համաձայնագրերը կշարունակեն իրագործվել։
Ցինկերը նշեց, որ Իսրայելում գնահատել են ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանի քվեարկությունը ԱՄՆ–ի բանաձևի վերաբերյալ, որը դատապարտում է ՀԱՄԱՍ պաղեստինյան խմբավորումը։
«Իսրայելում գնահատել են Հայաստանի դիրքորոշումը, հատկապես այն, որ նա չի անցել ՀԱՄԱՍ–ի կողմ և ձեռնպահ է մնացել քվեարկության ժամանակ», – ասաց Ցինկերը։
Նա նաև նշեց, որ մի քվեարկությամբ, իհարկե, բարդ է խոսել Հայաստանի արտաքին քաղաքական ընթացքում խոշոր փոփոխությունների մասին, բայց նման մանրուքները չեն անտեսվում։
Նշենք, որ հայ–իսրայելական հարաբերությունները վերջին երկու տարիներին ակտիվորեն զարգացել են ֆորումի, ինչպես նաև բարեկամության միջխորհրդարանական խմբի գործունեության շնորհիվ։
Կարճ ժամանակում հաջողվել է ուղիղ չվերթեր բացել երկու երկրների միջև, կապեր հաստատել իշխանական կառույցների ներկայացուցիչների միջև։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:
«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:
Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում
2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:
Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ խորհրդարանը ցրելու ու արտահերթ ընտրություններ նախաձեռնելու ՀՀ վարչապետի առաջարկին կմիանան նաև այլ քաղաքական ուժեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում։
«Սա մի պրոցես է, որտեղ պետք են զիջումներ, կոնսենսուսներ բոլոր կողմերից։ Հիմա, եթե ստացվի, կասենք` մենք ամեն ինչ արեցինք, որ այս երկրում ցնցումներ չլինեն, արյունահեղություն չլինի, ու լուծվեց այս հարցը։ Եթե չստացվի, կբացատրեն` ժողովրդին, որ հասանք այսինչ մակարդակին, բայց այդ մակարդակում առաջացավ այսինչ խնդիրը, և դա չեղավ»,– ասաց Մարուքյանը` հավելելով, որ այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է, որն այլևս անկարող է դիմանալ այս պայմաններին։
«Ես մեկ ժամ խոսակցություն եմ ունեցել և պատրաստ եմ ցանկացած այլ ուժի հետ էլ այդ խոսակցությունն ունենալ»,– ասաց Մարուքյանը։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման դեռ չի գնացել ու հայտարարել է, որ նրանից հրավեր չի ստացել։


