Նիկոլ Փաշինյան

Աղետի պատճառած ամենամեծ վնասը մարդկանց հոգիներում տեղի ունեցած ավերածություններն էին

105
(Թարմացված է 12:34 07.12.2018)
Վարչապետի պաշտոնակատարը Գյումրիում խոստացել է` Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն առաջին հերթին ծառայելու են ապագայի նկատմամբ մարդկանց հույսն ու հավատը վերականգնելուն։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու կառավարության անդամները Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին այսօր ծաղկեպսակ խոնարհեցին։

Ծաղկեպսակի խոնարհման արարողությունից հետո եկեղեցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հոգեհանգստի կարգ կմատուցեց 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին։

«Զոհերի մասշտաբն ուղղակի հարված էր մեր ժողովրդի ներուժին, աղետը ուղղակի հարված էր մեր երկրի տնտեսությանը, այն հոգեբանական ու բարոյական հսկայական հարված էր մեր ժողովրդի համար։ Բայց այս աղետը նաև ազգային միասնության մի յուրօրինակ անկյունաքար դարձավ։ Աշխարհի միլիոնավոր հայեր իրենց ուշադրությունը սևեռեցին իրենց պատմական հայրենիքի վրա»,– հուշակոթողի մոտ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Որպես ամենավառ օրինակ Փաշինյանը շեշտեց ֆրանսիահայ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրին, ով աղետից անմիջապես հետո այցելեց հայրենիք ու մինչև կյանքի վերջը կապված մնաց Հայաստանի հետ։

Երկրաշարժը, Նիկոլ Փաշինյանը խոսքով, յուրօրինակ համաշխարհային հումանիտար համախմբման պատճառ դարձավ նաև։ «ԽՍՀՄ ու աշխարհի բարեկամ ժողովուրդներն իրենց օգնության ձեռքը մեկնեցին հայ ժողովրդին ու Հայաստանին»,– ասաց Փաշինյանը։

Բայց 30 տարի անց, նրա դիտարկմամբ, աղետի գոտի հասկացությունը վերացված չէ։ Իսկ աղետի գոտու վերականգնումը ոչ միայն ավերված շենք-շինությունների վերականգնում ու նորերի կառուցումն է, այլ նաև աղետի գոտու տնտեսական վերականգնումը։

«Բայց աղետի պատճառած ամենամեծ վնասը մարդկանց հոգիներում տեղի ունեցած ավերածություններն էին։ Երկրաշարժից շատ չանցած սկսվեց աղետի գոտու վերականգնումը, բայց միշտ չէ, որ շենքերին զուգընթաց վերականգնվում է մարդկանց հույսն ու լավատեսությունը։ Երբ ասում ենք աղետի գոտի առաջին հերթին սա պիտի նկատի ունենաք, թե որքանով է վերականգնված մարդկանց հավատը սեփական ուժերի, վաղվա օրվա նկատմամբ ու հույսը, որ զոհվածների կիսատ մնացած գործերը կդառնան իրականություն»,– ասաց Փաշինյանը` վստահություն հայտնելով, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն առաջին հերթին ծառայելու են ապագայի նկատմամբ մարդկանց հույսն ու հավատը վերականգնելուն։

Սա, նրա խոսքով, ոչ միայն այս, այլև Հայաստանի ապագա կառավարությունների առաքելությունը պիտի լինի։

Վարչապետի պաշտոնակատարն իր ելույթն ավարտեց մեկ րոպե լռությամբ երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելով։

 

105
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Սպիտակի երկրաշարժ 1988, Գյումրի
թեմա:
Սպիտակի երկրաշարժ. 1988թ. (39)
Ըստ թեմայի
«Աստված քո ցավն ինձ տա». Ռիժկովը հիշում է Լենինականի սարսափելի օրերը
Նոր նամականիշը կխորհրդանշի վերածնվող Սպիտակը. լուսանկարներ
Այսուհետ դեկտեմբերի 7-ը ոչ միայն հիշատակի, այլև դիմակայության օր է