Փայլաթիթիեղի արտադրություն

ԱՄՆ–ն խոչընդոտում է «Ռուսալ Արմենալի» աշխատանքը, ինչը խանգարում է ՀՀ տնտեսությանը. Բաբկո

131
(Թարմացված է 14:07 05.12.2018)
Ապրիլին ԱՄՆ–ն դադարեց փայլաթիթեղ գնել «Ռուսալ Արմենալ» ընկերությունից Օլեգ Դերիպասկայի դեմ կիրառած պատժամիջոցների պատճառով։ Քիչ էր մնում` ավելի քան 600 մարդ զրկվեին աշխատանքից։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Երբ ԱՄՆ–ն խոչընդոտներ է ստեղծում «Ռուսալ Արմենայի» համար, դա խանգարում է ՀՀ տնտեսությանն ու Հայաստանում աշխատատեղերի պահպանմանը։ Sptunik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն։

««Ռուսալ Արմենալը» գրանցված է Հայաստանում, նշանակում է` հայկական ձեռնարկություն է։ Երբ ամերիկացիները հարց են բարձրացնում, թե ընկերությունը ռուսական է, ավելի ճիշտ կլինի հարցը դիտարկել ԱՀԿ–ում (Առևտրի համաշխարհային կազմակերպություն) կամ միջազգային արբիտրաժային դատարանում։ Իհարկե, Հայաստանի տնտեսության վրա դա անդրադառնում է։ Սա Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկն է, որը բարձր աշխատավարձ ստացող մի քանի հարյուր աշխատող ունի` որակավորում ունեցող մետաղագործներ։ Եթե ԱՄՆ–ն էմբարգո է հայտարարում այս ձեռնարկության արտադրանքի համար, ապա մարդիկ այստեղ` Հայաստանում, կարող են կորցնել աշխատանքը», – նշեց Բաբկոն։

Նկատենք, որ Հայաստանում արտադրվող ալյումինե փայլաթիթեղի ավելի քան 70%–ն արտահանվում էր ԱՄՆ։

Ապրիլից ԱՄՆ–ն դադարեց ալյումինե փայլաթիթեղ գնել «Ռուսալ Արմենալ» գործարանից ։ Ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի ենթակայության տակ գտնվող մյուս ընկերությունների հետ մեկտեղ գործարանը հայտնվեց էմբարգոյի տակ, բայց ձեռնարկությանը հաջողվեց խուսափել մեծ կրճատումներից` արտադրանքը եվրոպական երկրներ մատակարարելու հաշվին։

ՀՀ կառավարությունը (էկոնոմիկայի նախարարությունն ու ԱԳՆ–ն) ԱՄՆ–ի հետ բանակցում է պատժամիջոցները չեղարկելու համար, սակայն առայժմ արդյունք չկա։

Գործարանում աշխատող 670 մարդկանց միջին աշխատավարձը 370 հազար դրամ է։

131