ԱԺ նիստ, Արա Բաբլոյան. արխիվային լուսանկար

Հայտնի է Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու ԱԺ նիստի օրը

111
(Թարմացված է 14:28 03.12.2018)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը ներառվել է ԱԺ օրակարգ։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Կաշառքի ու փողերի լվացման մեջ մեղադրվող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը ներառվել է վաղը ժամը 10։00 մեկնարկող ԱԺ հերթական նիստերի օրակարգ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի համապատասխան դրույթը մեջբերելով Բաբայանը նշում է. «Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը»։

Նույն օրենքի համաձայն, գլխավոր դատախազի միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետևյալ կարգով.

1) մինչև քսանական րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը և միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են հարցեր տրվել,

2) մտքերի փոխանակություն,

3) միջնորդագրում նշված պատգամավորին և գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչև 20 րոպե:

Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր հայտարարել է, որ կաշառքի ու փողերի լվացման փաստով հարուցված քրեական գործով մեղադրանք է ներկայացվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին։ Գլխավոր դատախազը դիմել է ԱԺ նախագահին` Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությամբ։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի բնակիչների հետ իր հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ չի բացառում, որ ԱԺ–ում հարցի որոշման համար քվորում չապահովվի և Արամ Հարությունյանի կալանքի հարցը կհետաձգվի։

111
թեգերը:
Արթուր Դավթյան, ՀՀ դատախազություն, ԱԺ
Ըստ թեմայի
Կոռուպցիոն նոր բացահայտում. Ատոմակայանի ղեկավարությունը խոշոր չարաշահում է կատարել
Ինչպես են համայնքներում յուրացրել պետության գումարները. ԱԱԾ նոր բացահայտումները
Բարսեղ Բեգլարյանի գործը հասավ դատարան
Նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար