Ճանապարհ

«Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի շինարարությունում նոր չարաշահումներ են հայտնաբերվել

199
Ճանապարհի կառուցված հատվածներից ցեմենտի, խճի և բետոնի փորձանմուշներ են ուղարկվել Կանադա` փորձաքննության։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի շինարարության մեջ հայտնաբերվել են ևս 2 մլն դոլարի չարաշահումներ։ Այս մասին այսօր լրագրողներն ասաց հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։

«Սա չի վերաբերում արդեն հարուցված քրեական գործով բացահայտված գումարին։ Սա նոր բացահայտում է, որը քրեական ընթացակարգ չի ենթադրում։ Ուղղակի համապատասխան ընթացակարգով այդ գումարը հետ է վերադարձվելու»,– ասաց Արշակյանը` հավելելով, որ բացի այդ, ևս 2 մլն դոլարի վերաբերյալ էլ այս պահին քննություն է ընթանում, որը կարող է և քրեական շարունակություն ստանալ։

Ինչպես են թալանել «Հյուսիս–հարավը». դատախազությունը 16 հատորանոց քրեական գործ է կազմել

Ինչ վերաբերում է արդեն կառուցված ճանապարհահատվածների որակին, Արշակյանն ասաց, որ ցեմենտի, խճի և բետոնի փորձանմուշներն ուղարկվել են Կանադա փորձաքննության, և խոստացավ` արդյունքները ստանալուն պես հրապարակել։

Նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց նաև միջմարզային ու միջհամայնքային ճանապարհների կառուցման ու վերանորոգման կատարված աշխատանքները` հավելելով, որ պլանը գերակատարվել է 60 տոկոսով, տնտեսվել է 2 մլրդ դրամ, որից 1 մլրդ–ով հավելյալ 14.4 կմ ճանապարհ է կառուցվել, 1 միլիարդն էլ վերադարձվել է պետական բյուջե։

«Վերանորոգվել է 134 կմ ճանապարհ։ Անորակ աշխատանքի պատճառով շուրջ 300 մլն դրամով իրականացվել են կրկնակի աշխատանքներ և պահումներ, որն աննախադեպ է, նման բան չի եղել երբևէ։ Մոտ 30 դեպքում մենք ստիպել ենք, որ այդ հատվածներում ճանապարհը նորից կառուցեն» ,– ասաց նա։

Արշակյանը հայտնեց, որ 2018թ–ի ընթացքում 19 գյուղ և 16 դպրոց նոր ճանապարհ են «ստացել», որոնցով միացել են միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։

2019թ–ին նախատեսվում է նույն ծրագրով ճանապարհ ապահովել 30 գյուղի և 24 դպրոցի։

«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ 550 կմ երկարություն ունեցող այդ ճանապարհը թույլ կտա դուրս գալ դեպի Սև ծով և եվրոպական երկրներ՝ կապ ապահովելով Իրանի և Վրաստանի հետ:

Հայաստանը դեռևս 2009 թվականին վարկային համաձայնագիր է ստորագրել Ասիական զարգացման բանկի հետ։ Համաձայնագրով նախատեսվում էր մայրուղու շինարարությունն ավարտել 2016 թվականին, սակայն շինարարական աշխատանքները սկսեցին բանկի հետ պայմանագիրը կնքելուց միան երեք տարի անց։

199
Ըստ թեմայի
«Հյուսիս–հարավը» թանկ է, բայց անավարտ չի մնա