ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Հայաստանը 23 միլիոն 208 հազար 483 եվրո դրամաշնորհ կստանա Վերականգնման վարկերի բանկից։ Համաձայնագիրը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում։
Այդ գումարով սոցիալ–տնտեսական ծրագրեր կիրականացվեն Հայաստանի անտառամերձ գյուղերում (հիմնականում` Լոռիում, Տավուշում ու Սյունիքում)։
«Գյուղացիներին հնարավորություն կտանք գումար վաստակել ոչ թե անտառ հատելով, այլ ուրիշ կերպ։ Նույնիսկ եթե անտառի շուրջը երեք մետրանոց պատ կառուցենք ու պահակներ դնենք, միևնույնն է` հարցը չի լուծվում` մարդիկ ինչո՞վ ապրեն։ Այդ պատճառով ծրագրի շրջանակում ուզում ենք չիր պատրաստելու սարքեր, գյուղատնտեսական տեխնիկա գնել, աջակցել էկոլոգիական զբոսաշրջության զարգացման ծրագրերին», – ասաց բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը։
Նրա խոսքով` քննարկվում է նաև գյուղական դպրոցներում արևային մարտկոցների ու ջրատաքացուցիչների տեղադրման հարցը, ինչը կարող է թույլ տալ ձմռանը չօգտվել գազից ու հատկապես փայտից։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ առաջին հերթին մարդկանց հետ պետք է ազնիվ ու անկեղծ երկխոսություն վարել։
«Եթե, օրինակ, միջոցներ է ձեռնարկում, որ սիգի որսը ձվադրման սեզոնում սահմանափակվի կամ անտառների պաշտպանվածության մակարդակը բարձրանա, ում համար ենք անում, մե՞նք ենք գնալու որսանք, նույն տարածաշրջանի մարդիկ են որսալու: Ինչ-որ արվում է, առաջնահերթ այդ տարածաշրջանում ապրող մարդկանց շահերից է ելնում, մենք ուղիղ պետք է նայենք մեր հայրենակիցներին և երկխոսենք, որ այդ ընկալումն ունենան»,-ասաց նա` կարևորելով դրամաշնորհային ծրագրերը:
Փաշինյանը նշեց, որ պետք է մարդկանց ցույց տալ, որ անտառ չկտրելով ավելի շատ կարող են օգուտ ստանալ, քան կտրելով: Նա հայտնեց, որ 55 հազար խորանարդ մետր վառելափայտ է տրամադրվել՝ առանց անտառները վնասելու:
Հիմա Հայաստանի տարածքի մոտ մեկ քառորդն է անտառներով պատված։ Չոր կլիմայի պատճառով անտառները դանդաղ են վերականգնվում։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը երաժիշտ ու բլոգեր Դավիթ Մանուկյանին (Դավա) խոստանում է, որ նա կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Տեղեկությունը հայտնում է StarHit-ը:
Կիրկորովը Մանուկյանին դա ասել է Sugar երգի մոսկովյան շնորհանդեսի ժամանակ։ Այս կատարմամբ Նատալյա Գորդիենկոն «Եվրատեսիլում» ներկայացնելու է Մոլդովան: Կիրկորովը երգի հեղինակներից և պրոդյուսերներից է։
«Նատալյան «Եվրատեսիլի» աստղն է։ Իսկ շուտով դու՝ Դավիթ, կգնաս Հայաստանի կողմից», - ասել է Կիրկորովը Մանուկյանին, որը նույնպես հրավիրված էր շնորհանդեսին։
Սկզբում Դավան Կիրկորովի խոսքերը որպես կատակ է ընդունել, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ պատրաստ է քննարկել առաջարկը:
««Եվրատեսի՞լ» ենք գնում։ Հաջորդ տարին մերն է։ Չեմ կարող մերժել փոփ-արքային», - ասել է Դավան։
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։


