ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը խոստանում է սոցիալական ազնիվ քաղաքականություն վարել։ Այս մասին այսօր կառավարությունում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Դեռ 2004 թվականի մարտին Ազգային ժողովն ընդունել էր «Կենսապահովման նվազագույն զամբյուղի և կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքը, ըստ որի` կառավարությունը պետք է հաշվարկեր` ինչից են կազմված զամբյուղն ու բյուջեն, ու ինչքան դա կարժենար քաղաքացիների համար։ Սակայն 14 տարվա ընթացքում այդ հաշվարկն այդպես էլ չի արվել, հակառակ դեպքում հնարավոր կլիներ աշխատավարձերն ու թոշակները համեմատել աղքատության շեմի հետ, իսկ դա նշանակում է, որ կառավարությունն անընդհատ պետք է հաշվետու լիներ` արդյոք այդ շեմը հատվել է, թե ոչ։
«Նախորդ իշխանությունը չէր ուզում, որ նման հստակություն լինի, որովհետև ոչ ոք չէր ուզում հաղթահարել աղքատությունը ոչ թե մասնակի, այլ իսկապես, հետևողականորեն։ Նրանց աղքատներ էին պետք, որոնք պատրաստ էին ում համար ասես քվեարկել, միայն թե նրանց նպաստից չզրկեն», – ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` այդ պատճառով էլ մասնավոր սեկտորի աշխատակիցներն ավելի քիչ են (350 հազար), քան թոշակ (մոտ 460 հազար) ու նպաստ (150 հազար) ստացողները։ Հիմա կառավարության քաղաքականությունը հետևյալն է` մարդն ինքը պետք է ուզի ապրել ոչ թե նպաստով, այլ սեփական աշխատանքով։
«Մարդիկ պետք է իրենց վաստակածով ապրելու հնարավորություն ունենան։ Իսկ թոշակառուներն ու այն մարդիկ, որոնք իսկապես չեն կարող աշխատել, պետք է ծայրահեղ աղքատության գծից բարձր լինեն։ 2019 թվականից միանգամից 85 հազար մարդկանց թոշակներն ու նպաստները 10 հազար դրամով կբարձրանան, որպեսզի ծայրահեղ աղքատության գիծը հաղթահարեն։ Կարծում եմ` վեց ամսվա կառավարության համար սա վատ արդյունք չէ։ Մենք այս պահին առաջնորդվում ենք կառուցողակարգերը կատարելագործելով», – ասաց Փաշինյանը։
Նշենք, որ Հայաստանում միջին կենսաթոշակը 40 հազար դրամ է։ Վիճակագրության համաձայն` նվազագույն կենսապահովման համար 1 անձին ամսական անհրաժեշտ է նվազագույնը 62 330 դրամ։ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն այս հաշվարկն արել է «հետաքրքրաշարժ վիճակագրություն» հավելվածում` հաշվելով և՛ պարենային, և՛ ոչ պարենային ապրանքները, ինչպես նաև ծառայությունները (այդ թվում` կոմունալ վճարումները)։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, թե ինչ է խոստացել ՀՀ նախագահը։
«Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են Զինված ուժերի ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու հետ։ Նախագահը լսեց մեր հարցերը, տեսակետները, նշեց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասաց Վանեցյանը։
Հավելենք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։


