ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ երբեք որևէ մեկին բռնելու կամ բաց թողնելու խնդիր չի ունեցել ու հիմա էլ մտադիր չէ միջամտել իրավապահ մարմինների աշխատանքին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նա այս մասին ասաց` պատասխանելով հարցին` ինչո՞ւ Մարտի 1–ի գործով նախկին նախագահ Սերժ Սարգսյանին նույնիսկ հարցաքննության չեն կանչել։
Ավելի վաղ, երբ Փաշինյանը դեռ պատգամավոր էր, բազմաթիվ անգամ ասել էր, որ 2008 թվականի մարտի 1–ի գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, քանի որ Ռոբերտ Քոչարյանը հենց նրա համար է թափել խաղաղ բնակիչների արյունը։
«Ասում են՝ բա ինչի՞ Սերժ Սարգսյանին չեք բռնում, հիմա որ ասեմ` մյուս շաբաթ կբռնեն, կասեն՝ ահա, քննության նկատմամբ ճնշումները սկսվեցին, չի փոխվի էս երկրում ոչ մի բան։ Չբռնեցին, կասեն, հա՜, պայմանավորված է, չի փոխվել ոչ մի բան»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ընդհանրապես «թավշյա հեղափոխությունից» հետո շատերն էին ասում, որ այդ իրադարձությունները կազմակերպել էին Սերժ Սարգսյանն ու նրա փեսան` Միքայել Մինասյանը։ Փաշինյանը կարծում է, որ նման բան ասող մարդը պրիմիտիվ հարգանք չունի սեփական երկրի և քաղաքացիների նկատմամբ։
Ըստ Փաշինյանի` նման անհեթեթություն ասող մարդիկ վիրավորում են միլիոնավոր մարդկանց զգացմունքները։
«Կամ այդ մարդիկ հիասթափված են, որ ոչ մի կաթիլ արյուն չի թափվել, կամ սովոր են, որ իրենք խամաճիկներ են ուրիշների ձեռքերում։ Հարց է առաջանում` ով է քաշում այդ խամաճիկների թելերը», – ասաց նա։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իր վերաբերմունքը Սարգսյանի հանդեպ չի փոխվել, իսկ մարտի 1–ի գործի քննությունը ճիշտ ուղղությամբ է ընթանում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, թե ինչ է խոստացել ՀՀ նախագահը։
«Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են Զինված ուժերի ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու հետ։ Նախագահը լսեց մեր հարցերը, տեսակետները, նշեց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասաց Վանեցյանը։
Հավելենք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։


