ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Որոշ շրջանակներ հիմա էլ ԼԳԲՏ թեման են շահարկում, իսկ ԼԳԲՏ որոշ ակտիվիստներ միաժամանակ շատ բուռն ձևով պայքարում են այդ երևույթի դեմ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Միաժամանակ չեն պատասխանում կոնկրետ մի հարցի։ Երբ ՀՀ որևէ քաղաքացի հայտարարում է, որ ես սեռական փոքրամասնության ներկայացուցիչ եմ, մենք ի՞նչ պետք է անենք իրեն: Ասեք՝ սպանում ենք, գնդակահարում ենք, քառատում ենք, բանտ ենք ստացնում, արտաքսում ենք Հայաստանից: Այսինքն մինչև մայիսը Հայաստանում ԼԳԲՏ համայնք չի եղե՞լ»,– հարցրեց Փաշինյանը:
Նա ասաց, որ 2000-ական թվականներին, երբ ՀՀԿ-ի իշխանության ամենածաղկուն շրջանն էր, ՀՀ-ում հրապարակվել էր նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, որոնք ունեն այլ սեռական կողմնորոշում:
«Այդ ժամանակ այս նույն մարդիկ, չգիտես ինչու, ցույցեր չէին անում, տակից չէին ֆինանսավորում այդ ցույցերը,-ընդգծեց Փաշինյանն ու ավելացրեց,– մենք թույլ չենք տա` որևէ մեկը ճշմարտությունն աղավաղի: Ճշմարտություն եք ուզում մինչև վե՞րջ, կբացենք ճշմարտությունը մինչև վերջ»:
Նշենք, որ ԼԳԲՏ– համայնքի ներկայացուցիչներն օրերս «Համարձակ քայլի՛ր, Նիկոլ» և «Բարև, Երևան» կարգախոսներով ակցիա են անցկացրել Հայաստանում։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե երկու տղաներն ու երկու աղջիկներն ինչպես են ԼԳԲՏ համայնքի դրոշները բռնած լուսանկարվում հանրային վայրերում։ Որոշ կադրերում երիտասարդները համբուրվում են։
Նշենք` հոկտեմբերին ՀՀ կառավարությունն արգելել էր Երևանում ԼԳԲՏ ֆորում անցկացնել։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, թե ինչ է խոստացել ՀՀ նախագահը։
«Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են Զինված ուժերի ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու հետ։ Նախագահը լսեց մեր հարցերը, տեսակետները, նշեց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասաց Վանեցյանը։
Հավելենք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր ԱԺ-ում տեղի ունեցած բանավեճերից հետո հրաժարական տալու մտադրություն չունի: Նա այդ մասին լրագրողներին հայտնեց ԱԺ նիստի ընդմիջմանը։
Հարցին, թե ինչպես է գնահատում իր նկատմամբ իշխող քաղաքական ուժի պատգամավորների վերաբերմունքը, ԲԴԽ նախագահը պատասխանեց. «Առնվազն ագրեսիվ: Պատճառը չգիտեմ»:
Խոսելով 2020թ-ի նոյեմբերի 15-ին դատական համակարգի անաչառության մասին իր տարածած հայտարարությունից հետո ԱԱԽ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կալանքի որոշումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչելու որոշման մասին՝ Վարդազարյանը նշեց, որ որևէ մեկը, այդ թվում՝ ինքը, իրավունք չունի դատարանի կայացրած որոշմանը գնահատական տալու:
Պատասխանելով ՀՀ նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ նշանակելու՝ իշխանության առաջարկի մասին հարցերին՝ Վարդազարյանն ասաց, որ ինքը բազմիցս հայտարարել է, որ իր կարծիքով` կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո ԱԺ-ն իրավասու չէր Ջհանգիրյանին ընտրել ԲԴԽ անդամ:
«Ես այդ հայտարարությունն արել եմ, երբ պարոն Ջհանգիրյանի մասին դեռ լուրերի մակարդակով էր խոսվում, և նա պաշտոնապես թեկնածու չէր: Երբ պարոն Ջհանգիրյանը պաշտոնապես դարձավ թեկնածու, այդ պահից սկսած` ես պարոն Ջհանգիրյանի վերաբերյալ որևէ արտահայտություն չեմ արել և դրսևորել եմ այն զսպվածությունը, որը պարտադրված է օրենքով»,- ասաց նա:
Նույն տարիքային խնդիրը, ըստ նրա, եղել է նաև Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման հետ կապված, ու անգամ այդ հարցով հայց է եղել դատարանում: Բայց Հարությունյանի պաշտոնանկությունից հետո հայցվորը հրաժարվել է իր հայցից:
Խորհրդարանը ՀՀ Վճռաբեկ դատարանի նոր նախագահ ընտրեց
Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին, նրանք օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանն անցավ շատ թեժ մթնոլորտում։
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:
Սամվել Գրիգորյանը, սակայն, երեկ ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:
ՀՀ սահմանադրությամբ ամրագրված է ԶՈւ ԳՇ պետին և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին նշանակելու դեպքերն ու կարգը և չի նախատեսում նրանց ազատելու ընթացակարգ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«139-րդ հոդվածում բացառապես խոսվում է միայն ԳՇ պետի նշանակելու մասին, այսինքն` վերջինիս ազատելու հնարավորություն սահմանադրությունը ո՛չ նախագահին, ո՛չ վարչապետին չի տալիս»,- ասաց նա։
Նրա խոսքով` նույն հոդվածում նշվում է, որ ԶՈւ ամենաբարձր պաշտոնատար անձը ԳՇ պետն է, և որ սահմանադիրը նրան տվել է հատուկ կարգավիճակ` առանձնացնելով ԶՈւ և բարձրագույն հրամանատարական կազմից` հաշվի առնելով ԶՈւ նշանակությունը ՀՀ անվտանգության և անձեռնմխելիության տեսանկյունից։ Սա ևս, ըստ սահմանադրագետի, բխում է սահմանադրության ընդհանուր դրույթներից։ Այս դեպքում հարց է ծագում` ինչպե՞ս և ո՞ր դեպքում ԳՇ պետը կարող է ազատվել կամ հեռացվել զբաղեցրած պաշտոնից։
«ԳՇ պետն ազատվում է իր պաշտոնից ընդհանուր հիմունքներով, այսինքն` իր դիմումի համաձայն, քաղաքացիության կորստի, մահվան, օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայության և նմանատիպ դեպքերում»,- պարզաբանեց Մելոյանը։
Սահմանադրագետի դիտարկմամբ` այն, որ մի շարք անձինք նշում են, թե «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածը բարձրագույն հրամանատարական, զինվորական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնից ազատելու հայեցողական հնարավորություն է ընձեռում, չարաշահման տեղիք է տալիս։
«Այս օրենքը ևս իր հերթին չի կարող տարածվել ԳՇ պետի վրա, որովհետև, նախ` Սահմանադրությունը նման հնարավորություն չի նախատեսում, բացի այդ, սահմանադրությունը մեր օրենսդրական դաշտի բարձրագույն օրենքն է և վերադաս է այլ օրենքների նկատմամբ»,- նշեց Մելոյանը։
Հիշեցնենք` ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը եչել տեղեկություն էր տարածել, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։
Միաժամանակ նշվում էր, որ Սարգսյանը կդիմի Սահմանադրական դատարան, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։



