Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը դեմ է «ռամիլսաֆարովներին» Ադրբեջանին հանձնելու առաջարկին

158
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գերիների խնդրին ու հրապարակավ արտահայտեց իր կարծիքը` Ադրբեջանի առաջարկած փոխանակման տարբերակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի— Sputnik. Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու պահանջով բողոքի ակցիան Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի ու անընդունելի է։ Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպմանը։

«Ակցիան բազմաթիվ հարցեր առաջացրեց` ո՞ւմ դեմ էր այն ուղղված։ Եթե Ադրբեջանի, ինչո՞ւ է փակվում այն ճանապարհը, որի փակումը Ադրբեջանի ստրատեգիական նպատակներից մեկն էր,– ասաց Փաշինյանը։–Հարգանքով եմ վերաբերվում այդ ընտանիքի ցավին, բայց հայ-վրացական ճանապարհի փակումն ինձ համար անհասկանալի էր։

«Եվ բացի այդ, մենք ունենք ևս մեկ տղա գերության մեջ։ Իսկ ինչո՞ւ նրա համար ճանապարհներ չեն փակվում, որովհետև նա որբանոցի տղա՞ է։ Իսկ նրան ո՞վ պիտի պաշտպանի։ Ես այս մոտեցումը չեմ կիսում»,– ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ջանքեր պիտի գործադրի, բայց այդ պրոցեսը պետք է համապատասխանի Հայաստանի շահերին։ Դա հեշտ ու պարզ հարց չէ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի առաջարկած` գերիների փոխանակման «բոլորը բոլորին» տարբերակին, Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանում գտնվող ադրբեջանցիները հասարակ քաղաքացիներ չեն, այլ ծանր հանցագործության, այդ թվում`խաղաղ քաղաքացիների սպանության համար մեղադրված հանցագործներ։

«Դա կստացվի, որ մենք երկու Ռամիլ Սաֆարով ենք վերադարձնում Ադրբեջանին»,– ասաց նա։

Այդուհանդերձ, Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպելու Կարեն Ղազարյանի հարազատների հետ և հիշեցրեց, որ իր կինը երկու անգամ այցելել է այդ ընտանիքին։

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարազատները նոյեմբերի 17-ին բողոքի ակցիա էին կազմակերպել՝ փակելով Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Նրանք պահանջում էին իրենց հարցին լուծում տալ՝ հայրենիք վերադարձնել գերեվարվածին։

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 6-ին հերքել էր լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, թե Բաքուն Հայաստանին գերիների փոխանակման առաջարկ է արել։

Հիշեցնենք, որ 2004թ-ի փետրվարին հայ սպա Գուրգեն Մարգարյանն անգլերենի դասընթացների էր մասնակցում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակում: Դասընթացներին մասնակցում էին նաև սպաներ Ադրբեջանից, նրանց թվում՝ Ռամիլ Սաֆարովը:

Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակ և կացնահարել քնած հայ սպային: Դեպքից երկու տարի անց մարդասպան Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ նրան ներում շնորհվեց, զինվորական բարձր կոչում տրվեց և միանվագ վճարվեց 8 տարվա աշխատավարձը:

158
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (827)