ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի պետեկամուտների կոմիտեի պատճառով կարող է տապալվել Հայաստանի քաղաքացիների համար ձեռնտու համաձայնագիրը։ Այս մասին լրագրողներին ասաց ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։
Հիմա «Գազպրոմ Արմենիան» բանակցություններ է վարում ռուսական բանկերից մեկի հետ 6,5 տոկոս տարեկան տոկոսադրույքով արտոնյալ վարկի մասին։ Ընկերությունն այդ փողերով կմարի հայկական բանկերի հին վարկերը, որոնց տոկոսներն ավելի բարձր են և կսկսի մարել նոր վարկը, բայց արդեն ավելի ցածր տոկոսադրույքով։ Դա թույլ կտա ընկերության ծախսերը տարեկան կրճատել 2,4 միլիոն դոլարով։
Հրանտ Թադևոսյանի խոսքով` ՊԵԿ-ի հրապարակումը վտանգել է ռուսական խոշոր բանկից վարկ վերցնելու գործընթացը:
«Վարկերը մենք վերցրել ենք հայկական բանկերից միջինը 9,5 տոկոս տարեկան տոկոսադրույքով։ Բանակցությունների ընթացքում մենք նվազեցրել ենք դրանք մինչև 8,5 տոկոս։ Իսկ վերջերս մենք ռուսական բանկերից մեկի հետ պայմանավորվել ենք 6,5 տոկոսով վարկ վերցնելու մասին։ Բայց մեր գործընկերներն արձագանքել են Հայաստանի ՊԵԿ հայտարարությանը, որը տարածվել է ռուսական մամուլում։ Նրանք լուրջ անհանգստություն և տագնապ են արտահայտել։ Եվ դա հիմա, երբ բանակցություններն արդեն ավարտվել են։ Մենք բազմաթիվ նման զանգեր ենք ստանում մեր մյուս գործընկերներից», – հայտարարեց Թադևոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի հետևանքով մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները։
Ըստ ՊԵԿ–ի` ընկերության թույլ տված չարաշահումների մասին են վկայում նաև գազի կորուստների, ինչպես նաև ավտոգազալցավորման ճնշակայաններին (ԱԳԼՃԿ-ներին) մատակարարված բնական գազի ծավալների մասով կատարված համեմատական հետազոտությունների վերաբերյալ տվյալները: Պարզվել է, որ բաշխման համակարգում կորուստների մեծությունը 2018 թվականի հունիս-հուլիս ամիսներին 2018 թվականի հունվար-մայիսի համեմատությամբ նվազել է միջին հաշվով 3 անգամից ավելի:
Հրանտ Թադևոսյանը նշեց, որ ամռանը ցանցում կորուստները նվազում են օբյեկտիվ պատճառներով։ Ամռանը ջերմաստիճանն ավելի բարձր է, նշանակում է` տներ մտնող գազն այդքան խիտ չէ։
«Ձմռանը սպառողն ավելի խիտ գազ է ստանում։ Այսինքն` ավելի շատ գազ` նույն գնով։ Իսկ ամռանը` ավելի քիչ։ Բայց չէ՞ որ գինը կլոր տարի չի փոխվում։ Ուստի ձմռանը մենք ավելի շատ գազ ենք ծախսում` չստանալով հավելավճար։ Այդ գազը մենք գրանցում ենք որպես կորուստ», – բացատրեց նա։
Այսպիսով, ցանցում կորչում է 1-2 միլիոն խորանարդ մետր (գազի ընդհանուր ծավալի մոտ 0,1 տոկոսը)։ Թադևոսյանի խոսքով` ավտոգազալցավորման ճնշակայանների հետ այդ կորուստները համեմատելը ոչնչով արդարացված չէ։
2018թ–ի հունվար–սեպտեմբերին ԱԳԼՃԿ–ներն ավելի շատ գազ են վաճառել, ինչը 46,6 միլիոն խորանարդ մետրով շատ է, քան 2017թ–ի նույն ժամանակահատվածում։ Թվային արտահայտմամբ` 397,8 միլիոն խմ` 351,2 միլիոնի փոխարեն։
«Այսինքն մենք համեմատում ենք 2 միլիոն խմ գազը 46–ի հետ։ Ինքներդ դատեք` որքանով է դա կոռեկտ», – ասաց Թադևոսյանը։
ՊԵԿ–ի հայտարարությունից հետո «Գազպրոմ Արմենիայի» գործընկերները սկսել են անհանգստանալ, թե չի խուսափում արդյոք ընկերությունը հարկերից։ Թադևոսյանի խոսքով` ՊԵԿ-ի անհիմն հրապարակումը վտանգի տակ է տրել «Գազպրոմ Արմենիայի» բարի համբավը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի իշխանություններից որոշ մարդիկ և նրանց հետ համաձայնող քաղաքական գործիչներն ուզում են վարկաբեկել ռուսական զենքը, որպեսզի խնդիրը «հիվանդ գլխից առողջ գլխի վրա բարդեն»։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ, Սփյուռքի և ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրեն, Արտաքին քաղաքականության և պաշտպանության խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեսակոնֆերանսի ժամանակ։
Նախօրեին ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ պատերազմում պարտվել են ոչ միայն Հայաստանն ու Արցախը, ոչ միայն հայկական բանակը, այլև Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը և ռուսական զենքը:
Զատուլինը հեգնանքով հայտարարեց, որ ռուսերենում շատ ժողովրդական իմաստուն ասացվածքներ կան, որոնք բնութագրում են նման իրավիճակները` սկսած վատ պարողի մասին ասացվածքից։
«Չգիտես ինչու մյուս ռազմաճակատներում ռուսական զենքը լավագույնն է դուրս գալիս կամ առնվազն չի զիջում մնացածներին, իսկ Ղարաբաղի դեպքում, ինչպես պարզվում է, դա այն մակարդակին չէր, որում ընթանում էին մարտական գործողությունները»,-ասաց նա։
«Ճշմարտությունը վերականգնվեց». Պեսկովը մեկնաբանել է «Իսկանդերի» մասին հայտարարությունները
Իրականում խնդիրն այլ տեղ է պետք փնտրել՝ հայկական կողմից ճիշտ հրամանատարության և ուժերի մոբիլիզացիայի բացակայության մեջ։ Ռուս պատգամավորի տեսանկյունից՝ Փաշինյանն ինքը չի կարողացել դուրս գալ անգամ պարզ իրավական իրավիճակից, որտեղ ինքն անձամբ իրեն հայտարարեց գերագույն գլխավոր հրամանատար, չնայած դրա իրավունքը չուներ՝ պատերազմը Ղարաբաղում էր ընթանում։
«Այդ ամենն ուղեկցվում է անպատասխանատվությամբ, ոչ կոմպետենտ գործողություններով, ինչպես նաև դավաճանության և հանցավոր հրամանների՝ ստուգման կարիք ունեցող փաստերով։ Օրինակ՝ ի՞նչ կապ ուներ ռուսական զենքը Շուշի քաղաքի նման անառիկ ամրոցի` ապաշնորհ պահվածքի պատճառով կորստի հետ»,-ասաց Զատուլինը։
Նրա խոսքով՝ ռուսական զենքի վարկաբեկումը հիմա պետք է իշխանության որոշ ներկայացուցիչների և նրանց հետ ամեն ինչում համաձայնող պատգամավորներին, որոնք չեն ազատվել արևմտամետ ուղղվածությունից, միայն ժամանակավորապես խլացրել են այն։
«Ռուսական զենքը նորմալ, վարպետ ձեռքերում հասնում է իր նպատակին։ Ռուսական զենքը, որը չեն ցանկանում օգտագործել, ինքն իրեն չի կրակում»,-կարծում է Զատուլինը։
Նրա համար անհասկանալի է, թե ինչ նպատակով է ՀՀ վարչապետն այդպիսի հեշտության նմանատիպ մեղադրանքներ հնչեցնում (նկատի ունի Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդերի» չպայթած հրթիռների մասին՝ խմբ․)։
ՀՀ վարչապետին «Իսկանդերի» վերաբերյալ ճիշտ չի զեկուցվել. Մանե Գևորգյան
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իշխանություններն Ազգային ժողովի բակն ու հարակից տարածքը նախապատրաստում են ընդդիմության հանրահավաքին։ Ոստիկանները լուսային և ձայնային նռնակներ են տեղադրում Ազգային ժողովի բակում։
Բաղրամյան պողոտայի հարակից դարպասներից ներս, գետնին տեղադրված նռնակները հիշեցնում են «Пламя-2» ստացիոնար լուսային և ձայնային նռնակները, որոնք մարդու վրա ժամանակավոր ազդեցություն են թողնում։
Դրանք նախատեսված են հանցագործի վրա հոգեֆիզիոլոգիական ազդեցություն ապահովելու համար և օգտագործվում են զինված հանցագործներին վնասազերծելու ու անկարգությունները ճնշելու հատուկ գործողություններում:
Նռնակը ամբողջովին հրակայուն է, պատյանը՝ փշրվող: Այն կարող է օգտագործվել պահպանվող օբյեկտների պարագծերի անվտանգության ազդանշանային համակարգում:
Հիշեցնենք` այսօր ԱԺ–ում նախատեսված է հարցուպատասխան կառավարության անդամների հետ, որին ներկա է լինելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդդիմությունը նախապես հայտարարել է, որ այդ նիստին զուգահեռ Բաղրամյան պողոտայում հուժկու հանրահավաք են անցկացնելու, որպեսզի իրենց ձայները լսելի լինեն դահլիճում նստածներին։


