ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ:
ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզված նախնական տվյալների համաձայն` ՀՀ Արագածոտնի մարզի մի խումբ բնակիչներ, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) և սահմանված կարգի խախտմամբ, 2018 թվականի ապրիլ-նոյեմբերի ընթացքում նշված մարզի տարբեր համայնքների տարածքներից քանդել, բեռնատարներով տեղափոխել, նախապես ընտրված վայրերում պահեստավորել և վաճառել են շուրջ 600 բեռնատար սևահող, յուրաքանչյուրը՝ 65-110.000 ՀՀ դրամով՝ դրանով իսկ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։
Առերևույթ հանցագործություն կատարած անձինք, իրենց ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը չխոչընդոտելու համար պարբերաբար որպես կաշառք գումարներ և վառելիք են տվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Արագածոտնի տարածքային բաժնի երկու ավագ տեսուչների: Վերջիններս, գործելով շահադիտական նպատակներով, օգտագործելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, թույլատրել են հողի ապօրինի տեղափոխումը և վաճառքը:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 4 անձի:
2018 թվականի նոյեմբերին ՀՀ ԱԱԾ oպերատիվ ստորաբաժանումների կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա Քննչական դեպարտամենտում հարուցված մեկ այլ քրեական գործով բացահայտվել է Վրաստանից Հայաստանի Հանրապետություն անվադողերի խմբաքանակների՝ առանց մաքսային ձևակերպումների և մաքսազերծման ներկրման դեպքեր: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ 2 քաղաքացիներ անվադողերի ներկրումն անխոչընդոտ իրականացնելու նպատակով յուրաքանչյուր խմբաքանակի համար ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատան Բագրատաշենի մաքսային կետի մաքսային տեսուչին, որպես կաշառք տվել են տարբեր չափերի գումարներ:
Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ բոլոր հանցադեպերը և կոռուպցիոն դրսևորումներին առնչակից մյուս անձանց պարզելու ուղղությամբ:
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից բացահայտվել են նաև ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքապետարանի տարբեր պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ պետական միջոցների առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 114 մլն ՀՀ դրամի հափշտակություններ կատարելու դեպքեր։
Մասնավորապես՝ պարզվել է, որ Տաշիր համայնքի համայնքապետարանի մի շարք պաշտոնատար անձինք, քաղաքային տնտեսությունը սպասարկող կառույցներում և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում (մանկապարտեզներ, սպորտդպրոց) 2006-2018 թթ. ընթացքում տարբեր հաստիքներում ձևակերպել են ՀՀ քաղաքացիների, ովքեր աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անուններով դուրս գրված գումարները յուրացվել են:
Բացի այդ, Տաշիր համայնքի ղեկավարը տնտեսվարող սուբյեկտի հետ կնքել է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագրեր, և փոխանցել է շուրջ 98 մլն ՀՀ դրամ, սակայն նշված ծառայությունը իրականում չի մատուցվել, այն փաստացի կազմակերպվել և իրականացվել է համայնքապետարանի աշխատակիցների ուժերով:
Հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն:
ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բացահայտել են նաև Տավուշի անտառտնտեսության պաշտոնատար անձանց հովանավորչությամբ ապօրինի ծառահատումների դեպքեր:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Իջևանի անտառտնտեսության պատասխանատու պաշտոնատար անձինք 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ապօրինի ծառահատման և անտառից վառելիքային փայտի դուրսբերման համար մի շարք անձանցից որպես կաշառք ստացել են առանձնապես խոշոր չափերով գումարներ:
Հանցավոր համաձայնության արդյունքում անտառից անօրինական տեղափոխված փայտանյութի, շինափայտի և վառելափայտի իրական ծավալները և պետությանը պատճառված բնապահպանական վնասը ներկայումս հաշվարկվում է:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իշխանություններն Ազգային ժողովի բակն ու հարակից տարածքը նախապատրաստում են ընդդիմության հանրահավաքին։ Ոստիկանները լուսային և ձայնային նռնակներ են տեղադրում Ազգային ժողովի բակում։
Բաղրամյան պողոտայի հարակից դարպասներից ներս, գետնին տեղադրված նռնակները հիշեցնում են «Пламя-2» ստացիոնար լուսային և ձայնային նռնակները, որոնք մարդու վրա ժամանակավոր ազդեցություն են թողնում։
Դրանք նախատեսված են հանցագործի վրա հոգեֆիզիոլոգիական ազդեցություն ապահովելու համար և օգտագործվում են զինված հանցագործներին վնասազերծելու ու անկարգությունները ճնշելու հատուկ գործողություններում:
Նռնակը ամբողջովին հրակայուն է, պատյանը՝ փշրվող: Այն կարող է օգտագործվել պահպանվող օբյեկտների պարագծերի անվտանգության ազդանշանային համակարգում:
Հիշեցնենք` այսօր ԱԺ–ում նախատեսված է հարցուպատասխան կառավարության անդամների հետ, որին ներկա է լինելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդդիմությունը նախապես հայտարարել է, որ այդ նիստին զուգահեռ Բաղրամյան պողոտայում հուժկու հանրահավաք են անցկացնելու, որպեսզի իրենց ձայները լսելի լինեն դահլիճում նստածներին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է` Բաղրամյան պողոտայում այսօր նախատեսված հանրահավաքի ժամանակ որևէ սադրանք չի լինելու` ընդդիմությունը սադրանքների չի գնալու։ Սաղաթելյանը հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով ոստիկանության հաղորդագրությանը։
Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել` ասելով, որ տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16։00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։
Նշենք, որ դրանից հետո մամուլում, սոցցանցերում լուսանկարներ հայտնվեցին, որ ԱԺ դարպասները զոդում են, իսկ դարպասների ողջ երկայնքով ոստիկանական հսկողությունն ավելացել է։
«Ես ստացել եմ բազմաթիվ նամակներ, թե` մենք չենք գալիս ձեր ճառերը լսելու, դուք գործողություն չեք անում։ Այդ մարդիկ ուզում ենք, որ մենք հորթով այս կամ այն շենքերը գրավենք։ Սակայն շենքն իշխանությունը չի` երկիրը չպետք է տանենք ցնցումների»,–ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` Փաշինյանն օրեցօր կորցնում է իր իշխանությունը։
Նշենք, որ քիչ հետո ԱԺ պետք է ժամանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխանին մասնակցելու։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։


