ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Վճռաբեկ դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի դեմ ներկայացված միջնորդությունը:
Ըստ տեղեկությունների` նիստերի դահլիճում է նաև Ռոբերտ Քոչարյանը։
Նիստը դռնփակ է։
ՀՀ գլխավոր դատախազությունը օգոստոսի 20-ին բողոք էր ներկայացնել Վճռաբեկ դատարան` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ:
Պաշտպանական կողմը համարում է, որ բացի անձեռնխելիությունից, այլ հիմքեր ևս կան Քոչարյանին ազատ արձակելու համար
Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոցն ընտրվել էր կալանավորումը։
Oգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ էր արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` հայտարարելով, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը` հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, և նրա գործողությունները բխել են իր լիազորություններից։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իշխանություններն Ազգային ժողովի բակն ու հարակից տարածքը նախապատրաստում են ընդդիմության հանրահավաքին։ Ոստիկանները լուսային և ձայնային նռնակներ են տեղադրում Ազգային ժողովի բակում։
Բաղրամյան պողոտայի հարակից դարպասներից ներս, գետնին տեղադրված նռնակները հիշեցնում են «Пламя-2» ստացիոնար լուսային և ձայնային նռնակները, որոնք մարդու վրա ժամանակավոր ազդեցություն են թողնում։
Դրանք նախատեսված են հանցագործի վրա հոգեֆիզիոլոգիական ազդեցություն ապահովելու համար և օգտագործվում են զինված հանցագործներին վնասազերծելու ու անկարգությունները ճնշելու հատուկ գործողություններում:
Նռնակը ամբողջովին հրակայուն է, պատյանը՝ փշրվող: Այն կարող է օգտագործվել պահպանվող օբյեկտների պարագծերի անվտանգության ազդանշանային համակարգում:
Հիշեցնենք` այսօր ԱԺ–ում նախատեսված է հարցուպատասխան կառավարության անդամների հետ, որին ներկա է լինելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդդիմությունը նախապես հայտարարել է, որ այդ նիստին զուգահեռ Բաղրամյան պողոտայում հուժկու հանրահավաք են անցկացնելու, որպեսզի իրենց ձայները լսելի լինեն դահլիճում նստածներին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է` Բաղրամյան պողոտայում այսօր նախատեսված հանրահավաքի ժամանակ որևէ սադրանք չի լինելու` ընդդիմությունը սադրանքների չի գնալու։ Սաղաթելյանը հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով ոստիկանության հաղորդագրությանը։
Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել` ասելով, որ տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16։00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։
Նշենք, որ դրանից հետո մամուլում, սոցցանցերում լուսանկարներ հայտնվեցին, որ ԱԺ դարպասները զոդում են, իսկ դարպասների ողջ երկայնքով ոստիկանական հսկողությունն ավելացել է։
«Ես ստացել եմ բազմաթիվ նամակներ, թե` մենք չենք գալիս ձեր ճառերը լսելու, դուք գործողություն չեք անում։ Այդ մարդիկ ուզում ենք, որ մենք հորթով այս կամ այն շենքերը գրավենք։ Սակայն շենքն իշխանությունը չի` երկիրը չպետք է տանենք ցնցումների»,–ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` Փաշինյանն օրեցօր կորցնում է իր իշխանությունը։
Նշենք, որ քիչ հետո ԱԺ պետք է ժամանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխանին մասնակցելու։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։


