ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. «Հին Երևանի» անավարտ նախագծով ու դրա հետագա ճակատագրով այսուհետ կզբաղվի Երևանի քաղաքապետը։ Կառավարությունն այսօրվա նիստում Երևանի քաղաքապետին օժտեց նոր լիազորություններով։
Այսուհետ քաղաքաշինական այդ նախագծի տարածքում սեփականության օտարման, պետության կողմից անշարժ գույքի ձեռքբերման պայմանագրերը կառավարության անունից կկնքի Հայկ Մարությանը։
Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը, որոշման նախագիծը ներկայացնելիս, ասաց, որ Երևանի Արամի, Բուզանդի, Կողբացու փողոցներով սահմանափակված, պետական գերակա շահ հայտարարված տարածքում սեփականության օտարման գործընթացը պետք է ավարտված լիներ մինչև հունիսի 30-ը: Սակայն կառուցապատող «Ի ԷՄ ՍԻ» ընկերությունը դիմել է կառավարությանը՝ խնդրելով ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականը, քանի որ շուրջ 48 միավոր գույք նկատմամբ պայմանագրերի կնքումն անհնար է եղել իրականացնել։
«Մենք էլ որոշել ենք ոչ թե մեխանիկորեն երկարաձգել ժամկետը, այլ քաղաքապետին վերապահել այդ ընկերության հետ նոր պայմանագրեր կնքելու լիազորությունը:
Տերտերյանը հայտնեց, որ ընկերությունը պատրաստակամություն է հայտնել Երևանի տարբեր թաղամասերում իր կառուցած բազմաբնակարան շենքերում օտարման գործընթացի հետևանքով բնակարանից զրկված անձանց բնակարաններ հատկացնել, ինչը, ըստ փոխնախարարի, կարագացնի գործընթացը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ընթացքում անդրադարձավ Երևանի կենտրոնի հուշարձան շենքերի ճակատագրին։
«Այդ տարածքում կա 7-8 ճարտարապետական հուշարձան, և քանի որ մեր մոտեցումն ու քաղաքականությունն այն է, որ հուշարձանները չպետք է վնասվեն, էլ չեմ խոսում քանդելու մասին, ըստ էության, հիմա այն գործընթացում ենք, որ ներդրողի հետ համատեղ աշխատում ենք, որպեսզի նախագիծը այնպես վերափոխվի, որ հուշարձանները մնան անձեռնմխելի, և նախագիծը լիարժեք իրականացվի»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ հիմա գնդակն արդեն ճարտարապետների դաշտում է, որոնք պետք է կարողանան նախագծում այնպիսի փոփոխություններ անել, որ այն նոր թափով իրականացվի։
«Հին Երևան» նախագիծը Երևանի կենտրոնում մոտ 100 000 քմ տարածք է ընդգրկում` Աբովյան փողոցից մինչև Կողբացի փողոց և Արամի փողոցից մինչև Բյուզանդի փողոց։ Նախագծի շրջանակում նախատեսված է վերականգնել XIX–րդ դարի վերջի, XX–րդ դարի սկզբի Երևանի ճարտարապետական տեսքը։ Ենթադրվում էր, որ «Հին Երևան» նախագիծը պետք է ավարտին հասցվեր 2010-2011 թվականներին, բայց կառավարությունը որոշակի խնդիրների պատճառով միայն 2014 թվականին է պայմանագիր կնքել Multicontinental distribution հետ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2017 թվականին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի իշխանություններից որոշ մարդիկ և նրանց հետ համաձայնող քաղաքական գործիչներն ուզում են վարկաբեկել ռուսական զենքը, որպեսզի խնդիրը «հիվանդ գլխից առողջ գլխի վրա բարդեն»։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ, Սփյուռքի և ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրեն, Արտաքին քաղաքականության և պաշտպանության խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեսակոնֆերանսի ժամանակ։
Նախօրեին ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ պատերազմում պարտվել են ոչ միայն Հայաստանն ու Արցախը, ոչ միայն հայկական բանակը, այլև Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը և ռուսական զենքը:
Զատուլինը հեգնանքով հայտարարեց, որ ռուսերենում շատ ժողովրդական իմաստուն ասացվածքներ կան, որոնք բնութագրում են նման իրավիճակները` սկսած վատ պարողի մասին ասացվածքից։
«Չգիտես ինչու մյուս ռազմաճակատներում ռուսական զենքը լավագույնն է դուրս գալիս կամ առնվազն չի զիջում մնացածներին, իսկ Ղարաբաղի դեպքում, ինչպես պարզվում է, դա այն մակարդակին չէր, որում ընթանում էին մարտական գործողությունները»,-ասաց նա։
Իրականում խնդիրն այլ տեղ է պետք փնտրել՝ հայկական կողմից ճիշտ հրամանատարության և ուժերի մոբիլիզացիայի բացակայության մեջ։ Ռուս պատգամավորի տեսանկյունից՝ Փաշինյանն ինքը չի կարողացել դուրս գալ անգամ պարզ իրավական իրավիճակից, որտեղ ինքն անձամբ իրեն հայտարարեց գերագույն գլխավոր հրամանատար, չնայած դրա իրավունքը չուներ՝ պատերազմը Ղարաբաղում էր ընթանում։
«Այդ ամենն ուղեկցվում է անպատասխանատվությամբ, ոչ կոմպետենտ գործողություններով, ինչպես նաև դավաճանության և հանցավոր հրամանների՝ ստուգման կարիք ունեցող փաստերով։ Օրինակ՝ ի՞նչ կապ ուներ ռուսական զենքը Շուշի քաղաքի նման անառիկ ամրոցի` ապաշնորհ պահվածքի պատճառով կորստի հետ»,-ասաց Զատուլինը։
Նրա խոսքով՝ ռուսական զենքի վարկաբեկումը հիմա պետք է իշխանության որոշ ներկայացուցիչների և նրանց հետ ամեն ինչում համաձայնող պատգամավորներին, որոնք չեն ազատվել արևմտամետ ուղղվածությունից, միայն ժամանակավորապես խլացրել են այն։
«Ռուսական զենքը նորմալ, վարպետ ձեռքերում հասնում է իր նպատակին։ Ռուսական զենքը, որը չեն ցանկանում օգտագործել, ինքն իրեն չի կրակում»,-կարծում է Զատուլինը։
Նրա համար անհասկանալի է, թե ինչ նպատակով է ՀՀ վարչապետն այդպիսի հեշտության նմանատիպ մեղադրանքներ հնչեցնում (նկատի ունի Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդերի» չպայթած հրթիռների մասին՝ խմբ․)։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իշխանություններն Ազգային ժողովի բակն ու հարակից տարածքը նախապատրաստում են ընդդիմության հանրահավաքին։ Ոստիկանները լուսային և ձայնային նռնակներ են տեղադրում Ազգային ժողովի բակում։
Բաղրամյան պողոտայի հարակից դարպասներից ներս, գետնին տեղադրված նռնակները հիշեցնում են «Пламя-2» ստացիոնար լուսային և ձայնային նռնակները, որոնք մարդու վրա ժամանակավոր ազդեցություն են թողնում։
Դրանք նախատեսված են հանցագործի վրա հոգեֆիզիոլոգիական ազդեցություն ապահովելու համար և օգտագործվում են զինված հանցագործներին վնասազերծելու ու անկարգությունները ճնշելու հատուկ գործողություններում:
Նռնակը ամբողջովին հրակայուն է, պատյանը՝ փշրվող: Այն կարող է օգտագործվել պահպանվող օբյեկտների պարագծերի անվտանգության ազդանշանային համակարգում:
Հիշեցնենք` այսօր ԱԺ–ում նախատեսված է հարցուպատասխան կառավարության անդամների հետ, որին ներկա է լինելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդդիմությունը նախապես հայտարարել է, որ այդ նիստին զուգահեռ Բաղրամյան պողոտայում հուժկու հանրահավաք են անցկացնելու, որպեսզի իրենց ձայները լսելի լինեն դահլիճում նստածներին։


