Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի գործն անսպասելի ելք կունենա. «Ժողովուրդ»

370
(Թարմացված է 09:27 09.11.2018)
Թերթը գրում է, որ դատավորները կարծես թե գտել են իրավիճակից դուրս գալու մեկ տարբերակ։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Մարտի 1-ի գործի շրջանակներում 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցով վճռաբեկ բողոքը կարող է անսպասելի ելք ունենալ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Պարբերականը հիշեցնում է, որ Քոչարյանը հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվել էր, սակայն օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանը վերացրել էր նրա խափանման միջոցն ու ազատ արձակել: Դրանից հետո արդեն ՀՀ գլխավոր դատախազությունն օգոստոսի 20-ին վճռաբեկ բողոք էր ներկայացրել` միջնորդելով նախկին նախագահին կալանավորել:

Եվ ահա, ՀՀ Վճռաբեկ դատարանում շուրջ երկու ամիս տևած քննարկումներից հետո դատավորները կարծես թե գտել են իրավիճակից դուրս գալու մեկ տարբերակ, որն, ըստ նրանց, ամենահարմարն է:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները կարծում են` ճիշտ կլինի Ռոբերտ Քոչարյանի մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բեկանել և այն ուղարկել կրկին ՀՀ քրեական վերաքննիչ դատարան նոր քննության: Բանն այն է, որ ուսումնասիրելով գործը` ՀՀ վճռաբեկ դատարանում արձանագրել են, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավորը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը քննելիս ընդամենը մեկ հանգամանք է հաշվի առել, իսկ մյուս հանգամանքների վրա ուշադրություն չի դարձրել:

Մասնավորապես, քննիչը միջնորդություն ներկայացնելիս ասել է, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի չէ, նա կատարել է հանցավոր արարք, կարող է խոչընդոտել գործի քննությանը, խուսափել քննությունից: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը գործը քննելիս ու որոշում կայացնելիս հենվել է հենց նախկին նախագահի անձեռնմխելի լինել-չլինելու դրույթի վրա:

Իսկ ահա մյուս հանգամանքները, որ նա կարող է իր դիրքն ու հեղինակությունն օգտագործելով` խոչընդոտել քրեական գործի քննությանը կամ խուսափել քննությունից, դատավոր Ազարյանը քննության առարկա չի դարձրել:

Այնպես որ, հիմա վճռաբեկ դատարանում ցանկանում են գործը կրկին քննության ուղարկել` պահանջելով ուշադրություն դարձնել նաև այդ հանգամանքների վրա: Իսկ իրականում սրանով ժամանակ է ձգվում:

370
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ակնհայտ հերյուրանք». Քոչարյանի գրասենյակը դատի է տալու գործարար Սիլվա Համբարձումյանին
Քոչարյանն ու Վանեցյանը կհանդիպե՞ն դատարանում