Визит президента Армении Армена Саркисяна в Гюмри (8 ноября 2018). Ширак

Ոչ որպես նախագահ, բայց նվերով. ինչու՞ է Արմեն Սարգսյանը մեկնել Գյումրի

207
(Թարմացված է 16:00 08.11.2018)
Արմեն Սարգսյանը ժամանակին խոստացել էր հետևել Շիրակի երկրագիտական թանգարանին հանձնված կառույցի ապագային։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 8-ին այցելեց Գյումրի և լրագրողներին հայտնեց, որ եկել է ոչ որպես նախագահ, այլ իր խոստումը պահելով ու Շիրակի երկրագիտական թանգարանին հանձնված կառույցն անձամբ տեսնելու համար:

«Այսօր Գյումրի չեմ եկել որպես նախագահ այլ որպես Արմեն Սարգսյան անձ, ով ժամանակին խոստացել էր, որ կհետևի թանգարանի ապագային: Այս թանգարանը ծառայելու է ոչ միայն Շիրակին, այլ ամբողջ հանրապետությանը: Գյումրին ոչ միայն բնակելի տների կարիք ունի, այլև աշխատատեղերի ու հին քաղաքի վերականգնման, որպեսզի տուրիստները սկսեն այցելել»,- լրագրողներին ասաց ՀՀ նախագահը։

Սարգսյանն անձամբ ծանոթացավ Շիրակի Երկրագիտական թանգարանին հանձնված նախկին վիրաբուժական հիվանդանոցի կառույցի պայմաններին և հայտնեց, թե ով է հոգալու կառույցի վերականգման ծախսերը։

«Ոչ որպես նախագահ, այլ որպես «Երևան իմ սեր» հիմնադրամի միջազգային խորհրդի նախագահ տեղեկացնում եմ, որ խորհուրդը հաստատել է՝ «Երևան իմ սեր»-ը Շիրակի Երկրագիտական թանգարանի կառույցի վերականգնման նախագծային աշխատանքների համար անհրաժեշտ ծախսն իր վրա է վերցնում»,- ասաց նա:

Визит президента Армении Армена Саркисяна в Гюмри (8 ноября 2018). Ширак
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արմեն Սարգսյանը Գյումրիում

Այցի շրջանակում նախագահը եղավ նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում և Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում:

Սարգսյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ Գյումրին յուրահատուկ ու տարբերվող քաղաք է, որը պահպանել է հինն ու ժառանգությունը։ Նախագահը ցավով նշեց, որ երկրաշարժից 30 տարի անց քաղաքը դեռ մի շարք խնդիրներ ունի:

«30 տարի անցել է, բայց վերքը դեռ չի փակվել, և ցավը չի վերացվել: Ես ուսանողական տարիներին եկել եմ և տեսել եմ Լենինականը, քաղաքը հիշում եմ նաև 1996 թվականին, երբ վարչապետ էի։ Եկա ու տեսա գյումրեցիների զուսպ հպարտությունը: Գիտեմ, որ Գյումրիում տնակներ կան, բայց կարծում եմ, որ Գյումրիի վերականգնումը միայն տուն տալով չէ»,– ասաց նա:

Սարգսյանի խոսքով` Գյումրին պետք է վերականգնվի, և մարդիկ պետք է աշխատանք ունենան։

  • Արմեն Սարգսյանը Գյումրիում
    Արմեն Սարգսյանը Գյումրիում
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Արմեն Սարգսյանը Գյումրիում
    Արմեն Սարգսյանը Գյումրիում
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Արմեն Սարգսյանը Գյումրիում
    Արմեն Սարգսյանը Գյումրիում
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 3
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արմեն Սարգսյանը Գյումրիում

Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի շենքն անհատույց հատկացվել է Շիրակի երկրագիտական թանգարանին ՀՀ կառավարության` այս տարվա հունիսին ընդունած որոշմամբ։ Դրանից առաջ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել էր կիսաքանդ մի տանը տեղակայված թանգարան ու խոստացել, որ շենքի հարցը լուծում կստանա:

88 տարի առաջ հիմնադրված այս թանգարանը սեփական շենք երբևէ չի ունեցել: Տարիներ շարունակ տեղակայված է եղել Գյումրու հին թաղամասերից մեկի սեփական տներից մեկում:

Թանգարանի ավելի քան 25 հազար ցուցանմուշները շենքային պայմանների պատճառով տարիներ շարունակ պահվել են արկղերում։ Շիրակի երկրագիտական թանգարանը ստեղծվել է 1930 թվականին։ Ունեցել է հնագիտության-ազգագրության, քաղաքի և Շիրակի պատմության, մշակույթի, սոցիալիստական շինարարության, Հայրենական մեծ պատերազմի պատմության բաժիններ։ Հնագիտության և ազգագրության բաժինների ցուցանմուշները հիմնականում ձեռք են բերվել Կումայրի հնագույն բնակավայրի պեղումներից։ Հնագիտության բաժինն ունի քարի, բրոնզի, երկաթի դարերի աշխատանքային գործիքների ցուցանմուշներ, բազմատեսակ հնագույն զենքեր և այլն։ Ազգագրության բաժինը նվիրված է Գյումրի - Ալեքսանդրապոլ - Լենինականի և Շիրակի հարթավայրի բնակիչների կենցաղին և արհեստներին։

Թանգարանի ցուցանմուշների հավաքածուն զգալիորեն հարստացրել են Շիրակի հարթավայրի Քեթի, Ոսկեհասկ, Մարմաշեն, Տիրաշեն, Վահրամաբերդ գյուղերի մոտակայքում 1970 թվականներին կատարված պեղումները։

207
թեգերը:
Արմեն Սարգսյան, Հայաստան