Հակոբ Արշակյան

Կառավարությունն այս պահին ՀԿԷ–ի հետ կնքած պայմանագրի վերանայման պատճառ չի տեսնում

103
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը մեկնաբանել է «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցների բողոքը։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը գիտի «Հարավկովկասյան երկաթուղում» ծագած խնդրի մասին։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։

«Կոնցեսիան պայմանագրով իրենք ներդրումային ծրագրեր կատարելու և երկաթուղու գործունեությունն ապահովելու պարտավորություն ունեն։ Թե ինչ իրավական կարգերով և ինչ բոնուսային համակարգով են առաջնորդվում, իրենց կորպորատիվ քաղաքականությունն է»,– ասաց նախարարի պաշտոնակատարը։

Անդրադառնալով նախկինում հայտարարված չարաշահումներին` Արշակյանը նշեց, որ ընկերությունում իրավապահները շարունակում են քննություն իրականացնել։ Իսկ ՀԿԷ–ի հետ պայմանագրի վերանայման հարց օրակարգում չկա։

Հիշեցնենք` ըստ Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցների` մամուլին հայտնած տեղեկությունների` ղեկավարությունը ստացել է մեծ պարգևավճարներ, իսկ աշխատակիցները դրանցից զրկվել են։ Այս հանգամանքը աշխատակիցների դժգոհության պատճառ է դարձել, և նրանք արդեն մի քանի օր է` հրաժարվում են աշխատել։

Ըստ մամուլի` երկաթուղայինները Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում ու Երևանում գործադուլ են անում ու հրաժարվում են ստանալ իրենց աշխատավարձերը` պահանջելով վճարել նաև նախկինում ավանդաբար տրամադրված հավելավճարները։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՍՊԸ–ն երեկ տարածած պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել էր, որ ընկերությունում իրականացվում են պարգևատրումների համակարգի բարեփոխումներ, որոնք թույլ կտան էապես բարձրացնել ժամավճարների չափն ու նվազեցնել պարգևների ազդեցությունը գծի տնտեսությունների աշխատակիցների աշխատավարձերի ընդհանուր մակարդակի վրա: Իսկ աշխատակիցների բողոքը, ըստ ՀԿԵ–ի, բարեփոխումների մասին ցածր իրազեկվածությունն է։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին հայտարարել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղում» շուրջ 60 մլն դոլարի չարաշահումներ են հայտնաբերվել։ Օգոստոսի 14-ի, լույս 15-ի գիշերը ՀՀ ՊԵԿ աշխատակիցները խուզարկություն էին իրականացրել ընկերության գրասենյակում։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

103
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը հայտնել է, որ ՀԿԵ–ում մոտ 60 մլն դոլարի խախտումներ են եղել
Իրականությանը չհամապատասխանող դրույթներ են. ՀԿԵ–ն` ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին
ՀԿԵ–ի գործը քննարկել ենք Մոսկվայի հետ, այստեղ որևէ քաղաքականություն չկա. նախարար