Գաբրիել Բալայան

Բալայանը մանրամասներ հայտնեց զինվորական ավտոմեքենայի վթարի մասին

119
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը չի բացառում, որ վթարի համար պատասխանատվություն կկրեն զորամասի տարբեր զիվորական կոչումներ ունեցող զինվորականները:

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած զինվորական ավտոմեքենայի վթարի պատճառներն ուսումնասիրվում են ծառայողական քննության ու հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Իրոք, եղել են զորամասի տարբեր կոչումներով զինծառայողների բացթողումներ: Հնարավոր է` նաև որոշակի տեխնիկական անսարքություններ ի հայտ գան»,- ասաց Բալայանը:

Փոխնախարարը հայտնեց նաև, որ զինվորական ծառայության վարորդները մինչ բանակ զորակոչվելն անցնում են համապատասխան պատրաստություն՝ ՊՆ պատվերի շրջանակում:

«Եթե պարզվի, որ վարորդի մեղքով է եղել, գուցե կարիք առաջանա այս ծրագրերը վերանայելու»,- ասաց Բալայանը՝ միաժամանակ հավելելով, որ տվյալ դեպքում վթարված ավտոմեքենայի վարորդը բավական փորձառու է եղել. Նա մի քանի ամիս անց պետք է զորացրվեր:

Հիշեցնենք` նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին զինվորական մեքենա էր վթարի ենթարկվել։ Ավտովթարի հետևանքով մահացել էին շարքային Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, շարքային Հրանտ Արայի Գասպարյանը, շարքային Էդգար Արմենի Հունանյանը, շարքային Դավիթ Բենիամինի Մելքոնյանը:

Եվս 6 զինծառայողներ ստացել էին տարբեր աստիճանի կոտրվածքներ:

119
թեգերը:
Հայաստան