Նվագախումբ

Կառավարությունը չի ցանկանում տուն ուղարկել արտասահմանից հրավիրված երաժիշտներին

84
(Թարմացված է 12:59 08.11.2018)
Գործադիրը կփորձի ուղիներ գտնել ՌԴ–ից ու Իսպանիայից եկած երաժիշտներին «տուն չուղարկելու» համար։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը 48 մլն 435 հազար դրամ հատկացրեց մշակույթի նախարարությանը` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում արտերկրից հրավիրված երաժիշտների` 2018 թվականի աշխատավարձի վճարումն ապահովելու նպատակով: Որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:

«Նախկինում այս գումարները վճարվում էին «Լույս» հիմնադրամից: Հիմնադրամի լուծարումից հետո կառավարությունը ստիպված է ստանձնել այդ պարտավորությունը»,- ասաց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն էլ, չընդդիմանալով որոշման ընդունմանը, նշեց, որ սա լրացուցիչ բեռ է բյուջեի համար:

«Այս տարի մի կերպ վճարեցինք, բայց հաջորդ տարվա բյուջեում այդ հատկացումը նախատեսված չէ»,– հիշեցրեց նա` հավելելով, որ նման փոքր քայլերով կառավարությունը մեծ բեռ է վերցնում:

Մշակույթի նախարարը խոստացավ այլընտրանքային աղբյուրներ գտնել այս երաժիշտներին վճարելու համար, որպեսզի, ինչպես Միրզոյանն ասաց, նրանց առայժմ տուն չճանապարհեն:

Նշենք, որ խոսքը հիմնականում ՌԴ–ից ու Իսպանիայից հրավիրված պղնձափողային գործիքներ նվագող երաժիշտների մասին է:

84
թեգերը:
Լիլիթ Մակունց, Հայաստան