Ստոմատոլոգիական կլինիկա

Բողոքի ցույց նախարարության դիմաց. ստոմատոլոգները պահանջում են չեղարկել «աթոռի հարկը»

57
(Թարմացված է 14:43 07.11.2018)
Ստոմատոլոգները դժգոհ են հարկման մեխանիզմից և պահանջում են այդ կետը վերանայել Հարկային նոր օրենսգրքի ընդունման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Մի քանի ստոմատոլոգներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ առողջապահության նախարարության մոտ` պահանջելով վերանայել արտոնագրի համար գանձվող հարկը, որն ընդունվել է 2013 թվականին։

Հավաքվածները պահանջում էին, որ իրենց ձայնը լսելի դառնա Հարկային նոր օրենսգրքի մշակման ժամանակ, որը կարող է ընդունվել 2019 թվականին ընդառաջ։

«Կոնստրուկտիվ ստոմատոլոգիա» ՀԿ–ի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը լրագրողներին ասաց, որ ստոմատոլոգների 85%–ը դժգոհ է ատամնաբուժական արտոնագրի համար գանձվող հարկից (ամսական 80 հազար դրամ` ատամնաբուժական 1 աթոռի համար)։

«Պետեկամուտների կոմիտեն ասում է, որ արտոնագրային հարկը կարող է չեղարկվել, դրա փոխարեն կարող է մտցվել շրջանառության հարկ կամ ԱԱՀ։ Սակայն դա պետք է որոշվի համընդհանուր քննարկման արդյունքում», – ասաց Գևորգյանը։

Նա նշեց, որ մի քանի օր առաջ հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ, սակայն վերջինս «դրական» մոտեցում չի ցուցաբերել։

Նրա խոսքով` անկախ ակցիայի սակավաթիվ լինելուց, իրենք մոտ 100 ստոմատոլոգի ստորագրություն ունեն։

Ինչպես նշեց ակցիայի մասնակից, մշակութաբան Սիրանուշ Առաքելյանը, այդ հարցը ոչ միայն ատամնաբույժներին է վերաբերում, այլև հասարակ քաղաքացիներին, որովհետև մարդկանց 70%–ի համար ատամնաբուժական ծառայությունների գները շատ բարձր են։

Ըստ նրա` ատամնաբույժների համար նախատեսված հարկերն այնպիսին պիտի լինեն, որ նրանց ծառայությունները հասանելի լինեն բնակչության համար։

«Հանրային կարևորություն ունեցող հարց է», – ասաց Առաքելյանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին լրագրողներին հետ զրույցում նշեց, որ նախարարությունը որևէ ընդհանուր բան չունի հարկման մեխանիզմների հետ։

«Ինձ համար կարևոր է «մաքրել» ստվերային շրջանառությունը, և այդ մեխանիզմը միայն դրա համար է ներդրվել։ Դժվար է վերահսկել, թե որքան ատամ է հեռացվել կամ որքան ատամնալիցք արվել, պետությունը որոշել է արձանագրել վճարումները», – նշեց Թորոսյանը։

Նրա խոսքով` նախարարությունը որևէ էական առաջարկ չունի ՊԵԿ–ի համար, և բողոքի ակցիան, ըստ Թորոսյանի, պետք է անցկացվեր հենց ՊԵԿ–ի և ոչ թե առողջապահության նախարարության դիմաց։

 

57
թեգերը:
Հայաստան