Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր

ԲԷՑ–ում 150 մարդու կկրճատեն. նախարար

87
Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը մոտ 900 աշխատակից ունի։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում մոտ 150 մարդու կկրճատեն։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ կատարված օպտիմալացման արդյունքում խնայված միջոցները կուղղվեն սակագնի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Նշենք, որ հիմա ձեռնարկությունում աշխատում է մոտ 900 մարդ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ընկերության ղեկավարները հաստատեցին նախարարի հայտարարությունը և հավելեցին, որ մոտ ապագայում պատրաստվում են սկսել օպտիմալացման գործընթացը։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետի Վերահսկիչ ծառայությունը ստուգումներ էր անցկացրել ընկերությունում և մի քանի հարյուր հազար դոլարի խախտումներ բացահայտել այնտեղ։

Նշենք, որ բարձրավոլտ էկետրացանցերը հաղորդում են բարձր լարման էլեկտրականություն (220 կՎ, իսկ ապագայում` 400 կՎ)։ Այստեղ հոսանք են վերցնում անմիջապես էլեկտրակայաններից և փոխանցում վերջնական բաշխիչ ցանց։ Այդուհանդերձ, ԲԷՑ–ն առանձնապես չի ազդում էլեկտրաէներգիայի սակագնի վրա. յուրաքանչյուր կիլովատ ժամի համար նրանք ստանում են 2,2-ական դրամ կամ սակագնի մոտ 5 տոկոսը։

Ավելի վաղ կառավարությունը «Բարձրավոլտ ցանցերի» կառավարումը վերցրել էր Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբից։ «Տաշիրը» տարակուսանք էր հայտնել` հայտարարելով, որ պատրաստվում էր աջակցել ցանցի զարգացման մի քանի վարկային ծրագրերին։

87