Զինծառայող, արխիվային լուսանկար

100 տարով հետ ենք, կամ ինչու փորձառու հետախույզը ՊՆ ղեկավարության հետ հետախուզման չի գնա

1095
Մասնագիտական տոնը հայ հետախույզները նշում են մարտական անցյալը հիշելով, վերագնահատելով ու ներկա խնդիրները բարձրաձայնելով։ Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատների հիմնադիրներն այսօր հիշել են իրենց կատարած գործողությունները։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը Հայաստանի պաշտպանության ոլորտի ներկա ղեկավարներից ոչ մեկի հետ հետախուզության չի գնա։ Վարդանովն այս մասին ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Պատճառը ՊՆ ղեկավարության ոչ ժամանակակից կամ, Վարդանովի խոսքով` «փայտացած» մտածողությունն է։

«Այնպես չէ, որ հետախույզները չեն աշխատում։ Աշխատում են, այն էլ ինչպես։ Բայց երբ համակարգը նրանց բերած ինֆորմացիան չի կարողանում ճիշտ օգտագործել, նրանց ՕԳԳ–ն շատ ավելի ցածր է ստացվում»,– ասաց հետախույզը` դժգոհելով, որ հայկական բանակում մտածողությունը 100 տարով հետ մնացել իրական ժամանակից։

Հետախույզների երկրորդ մտահոգությունը հայաստանյան զինուժի տեխնիկական ապահովվածությունն է։

«Բազմաթիվ լավ մասնագետներ կան, հիմնարկ–ձեռնարկություններ կան, որ լավ աշխատում են, պրպտում են, ստեղծում են, բայց ստեղծածը մնում է օդի մեջ։ Եթե պատվեր չկա, այդ ձեռնարկությունն ինչպե՞ս կշարունակի արտադրել»,– ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատարի տեղակալ, հետախուզության պետ Արտակ Բագրատյանը` ՀՀ նոր իշխանությունների ուշադրությունը հրավիրելով տեղական ռազմական արտադրությունը խթանելու հարցին։

Մասնագիտական տոնը ոչ միայն խնդիրների, այլև ձեռքբերումների մասին հիշելու առիթ է։

Արցախյան պատերազմում սկզբնավորված հայկական հետախուզությունը հիշելու պահեր շատ ունի։ Դրանցից մի քանիսի մասին հետախույզներն արդեն կարող են խոսել, բայց` չբացելով բոլոր գաղտնիքները։

«Անսպասելի ձևով խփվեց մի ուղղաթիռ, որում Ադրբեջանի ղեկավարության շուրջ կեսը կործանվեց։ Անսպասելիորեն տանկեր տեղափոխող շարասյունն Ադրբեջանի տարածքում շուռ եկավ, ավերվեցին տասնյակ տանկեր ու, աստված գիտի, ինչքան զինամթերք։ Ու նման օպերացիաներ 90-ական թվականներին շատ–շատ էին; Անգամ Շուշիի օպերացիան հետախուզական է եղել, որովհետև փոքրաթիվ մարդկանցով լավ զինված մարդուն անառիկ ամրոցում չեն գրոհում։ Այդ գրոհը հաջողվել է, որովհետև լայնամասշտաբ հետախուզական գործողություն է եղել` Նոյեմբերյանից մինչև Մեղրի»,– 90-ականների իրենց գործողությունները հիշեց Վարդանովը։

Հայ հետախույզների աշխատանքի բազմաթիվ այլ դրվագներ այսօր էլ ծածկված են գաղտնիության շղարշով։ Դրանց մասին հետախույզները կհիշեն երեկոյան մասնագիտական տոնն իրենց մարտական ընկերների հետ նշելիս։

«Իսկ ինչպես է ընդունված նշել նոյեմբերի 5-ը» հարցի պատասխանը կարճ էր` հարբելով։

 

1095
Ըստ թեմայի
Թե ինչպես հայ հետախույզը փրկեց ռուս սպային
Հայկական Ջեյմս Բոնդը. ինչպես հետախույզ Ամիրը որոշեց աշխարհի ճակատագիրը
Ինչու էր լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանն արտասահմանում խուսափում հայերից