ՀՀ քննչական կոմիտե

«Հայրենիք-սփյուռք կենտրոնի» նախկին տնօրենը 100 մլն դրամ է փոխանցել պետությանը

105
ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց չարաշահումները մասամբ փոխհատուցվել են։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը մասնակի փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` նշելով, որ նա փոխանցել է 100 մլն ՀՀ դրամ։

Հիշեցնենք, որ կառույցի աշխատակիցներն առերևույթ չարաշահումներ են թույլ տվել մի քանի դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում։

Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի` 2015թ. ընթացքում պետական բյուջեով հատկացված դրամաշնորհի շրջանակներում հայտարարած մրցույթում մերժվել է առավել ցածր գնային առաջարկ ներկայացրած ընկերության հայտը։ Փոխարենը՝ ծառայությունների մատուցման պայմանագրերը կնքվել են բարձր գին առաջարկած երկու այլ ընկերությունների հետ՝ պետությանը պատճառելով էական վնաս:

Բացի այդ, առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել նաև 2015-2018թթ. ընթացքում «Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստում, հեռարձակում, ձեռք բերում և բազմացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման ընթացքում, «Արի տուն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2017թ. ընթացքում «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի առանձին պաշտոնատար անձանց գործողություններում, որոնց հետևանքով պետական միջոցներից անհիմն ելքագրվել և վատնվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պետությանը պատճառված նյութական վնասի իրական ծավալները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, պատճառված վնասի վերականգնումն ապահովելու ուղղությամբ։

105