Մեկուսարան

Զինված խմբի պարագլխի դեպքում համաներում չի կիրառվի. Փաշինյանին խնդրում են միջամտել

178
Փաստաբանը զինված խմբի առաջնորդ Արթուր Վարդանյանի գործը համարում է նախկին իշխանությունների տխուր ժառանգությունը, որից պետք է ազատվի Նիկոլ Փաշինյանը։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում սպասվող համաներումը կշրջանցի զինված խմբի անդամներին, որոնք ձերբակալվել են 2015թ–ի նոյեմբերին Երևանի Նորք–Մարաշ վարչական շրջանում։ Աղմկահարույց գործի մի շարք անդամներ, ներառյալ խմբի առաջնորդ Արթուր Վարդանյանը, մինչև հիմա կալանավորված են։

Հանրային փաստաբան Հայկազ Մակարյանն այսօր հրավիրված ասուլիսում անտրամաբանական և անհեթեթ համարեց այն, որ Վարդանյանը ենթակա չէ համաներման։ Նրա խոսքով` երեք տարի է անցել, բայց մինչև հիմա էլ չեն կարողացել իրեղեն ապացույցներ գտնել իր պաշտպանյալին վերագրվող մեղադրանքների մասով։

Փաստաբանը Վարդանյանի գործը համարում է նախկին իշխանությունների տխուր ժառանգությունը, որից Նիկոլ Փաշինյանը պետք է ազատվի։ Նրա խոսքով` վարչապետի պաշտոնակատարը` որպես բանտում նստած մարդ, շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում սարքած մեղադրանքով անազատության մեջ գտնվելը։

««Սասնա ծռեր» խմբի տղաների, նրանց հուսահատ պայքարի նկատմամբ ամենայն հարգանքով հանդերձ ես կարծում եմ, որ եթե նրանք ազատ են արձակվում, ապա նույնանման որոշում պետք է կայացվի նաև իմ պաշտպանյալի վերաբերյալ։ Նա մասնակցել է սիրիական Քեսաբի ազատագրմանը, հսկայական ավանդ ունեցել Սիրիայի հայ համայնքն ահաբեկիչներից պաշտպանելու գործում։ Բայց հիմա նա բանտում է մտացածին մեղադրանքով», – նշեց Մակարյանը։

2015թ–ի նոյեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ վնասազերծել է հանցախմբի 9 անդամներին և նրանց ղեկավար Արթուր Վարդանյանին։ Հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ ԱԱԾ–ն հայտնել էր նաև, որ այդ խումբը նպատակ ուներ ուժի կիրառմամբ զավթել երկրի իշխանությունը։ Այդ գործի շրջանակում 2015թ–ի դեկտեմբերին ձերբակալվել էր պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը, որին մեղադրում էին զինված խմբին օգնելու մեջ։ Այս տարվա մայիսին իշխանափոխությունից հետո նա ազատ արձակվեց Հայաստանի խորհրդարանի երկու պատգամավորների անձնական երաշխավորությամբ։

Մակարյանի խոսքով` Վարդանյանն ինչ–որ քայլեր և արարքներ չի կատարել, որոնց պատճառով պետք է համաներումը չկիրառվի։ Իրավապահ մարմինների գործողությունները իրավաչափ չեն նրա նկատմամբ։ Փաստաբանի կարծիքով` իշխանությունը զավթելու, երկրի ղեկավարության դեմ ուժային ակցիաներ կատարելու մեղադրանքները չեն դիմանում քննադատությանը։ Իրավաբանը համոզված է, որ դա միայն զրպարտություն է և էժանագին շահարկում։

Փաստաբանը հայտնեց, որ Արթուր Վարդանյանի մոտ արդեն մոտ մեկ տարի խրոնիկ տենդ է նկատվում, նրա մոտ պարբերաբար բարձրանում է մարմնի ջերմաստիճանը։ Մեղադրյալը բողոքում է նաև ստամոքսի մշտական ցավերից, նրա լյարդը մեծացել է։ Վարդանյանը ստացիոնար բուժման կարիք ունի, իսկ կալանքի տակ գտնվելը վատացնում է նրա վիճակը։

Ըստ փաստաբանի` Վարդանյանն ինչ–որ դեղեր է ստանում, բայց հասկանալի չէ, թե դրանք ինչ դեղեր են և որքան են օգնում իր պաշտպանյալին։

«Կոչ եմ անում օմբուդսմենին իր լիազորությունների շրջանակում այցելել «Երևան» ՔԿՀ և պարզել, թե ինչ դեղեր են տալիս Վարդանյանին։ Ի՞նչ իմանանք, որ դրանք ժամկետանց դեղեր չեն», – ասաց փաստաբանը։

Մակարյանը հայտնեց, որ դեռ մեկ ամիս առաջ դիմել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Նա ասել է, որ կզբաղվի այդ հարցով, բայց խոստումը չի կատարել։ Մինչև հիմա ոչ մի արձագանք չկա։

Մակարյանի խոսքով` ինքը հիանալի հասկանում է, որ Փաշինյանը չի միջամտում դատական մարմինների աշխատանքին, բայց նա լիազորություն ունի հանձնարարել պատկան մարմիններին ադեկվատ վերաբերմունք դրսևորել Վարդանյանի գործում։ Նա վստահ է, որ գործն օբյեկտիվ քննելու դեպքում խափանման միջոցը կփոխվի։

178
Ըստ թեմայի
Փաշինյանը հիշեց հայտնի անեկդոտը. դատավորները սպասում են նրա զանգին
Համաներման մասին նախագիծը միաձայն ընդունվեց
Ովքե՞ր դուրս կգան Հայաստանի բանտերից. համաներման օրենքի նախագիծը հրապարակվեց