Մանվել Գրիգորյան

Մանվել Գրիգորյանի գործն ամենաաղմկահարույցն է. էլ ի՞նչն է ցնցել ՀՀ քաղաքացիներին

526
Հայաստանի քաղաքացիները խոսել են վերջին ժամանակների ամենաաղմկահարույց գործերի մասին և գնահատել ուժային կառույցների աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի քաղաքացիները կարծում են, որ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված գործն ամենաաղմկահարույցն էր։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։

Նա հրապարակեց 2018 թվականի սեպտեմբերի 3–ից 11–ն անցկացված հարցման արդյունքները։ Հարցմանը մասնակցել են 1106 մարդ։ Տվյալների անճշտության մակարդակը 3% է։

«Հարցվողների մեծ մասը (83,3%) հիշում է գեներալ Մանվել Գրիգորյանի գործը, երկրորդ տեղում Մարտի 1–ի գործն է և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունն այդ գործին (39,9%), երկրորդ տեղում (37,5%) Ալեքսանդր Սարգսյանի ու նրա որդիների գործն է», – ասաց Նավասարդյանը։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին` զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։

Հարցման մասնակիցների 64,8%–ը վստահաբար նշել է, որ Մարտի 1–ի գործի մեղավորները կպատժվեն, 24,7%–ն էլ կարծում է, որ մեղավորներն անպատիժ կմնան։

Բացի այդ, 86,3%–ը վստահ է, որ մարտի 1–ի գործով պետք է հարցաքննվեն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, իսկ 52,4% ասել է, որ պետք է հարցաքննել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին ու նրա կողմնակիցներին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Oգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ էր արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` հայտարարելով, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը` հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, և նրա գործողությունները բխել են իր լիազորություններից։

Նավասարդյանը նշեց նաև, որ հարցման արդյունքների համաձայն` Հայաստանի քաղաքացիների մեծ մասը (66,2%) դրական է գնահատում Ազգային անվտանգության ծառայության գործունեությունը, 56,7%–ը` ոստիկանության գործունեությունը, 52,6%–ը` Հատուկ քննչական ծառայության։

526
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը կհաստատվի. Ֆիցջերալդ
Փաշինյանն ու Քոչարյանը թայմ աութ են վերցրե՞լ
«Աստված նրանց առողջություն տա, թող շարունակեն». Փաշինյանը` Քոչարյանի դատական հայցի մասին
Հարուցված գործը բխում է Փաշինյանի՝ իմ հանդեպ ունեցած անձնական ատելությունից. Քոչարյան