Արման Թաթոյան

ՄԻՊ–ը կզբաղվի «ԱդեկվաԴ» հաղորդման նկարահանող խմբի հետ Մարալիկում կատարված միջադեպով

89
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքում գրառում է արել երեկ Մարալիկում տեղի ունեցած միջադեպի մասին:

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում։ ՄԻՊ ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով նախօրեին Մարալիկում «ԱդեկվաԴ» հաղորդման նկարահանող խմբի հետ կապված միջադեպին, գրել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Արման Թաթոյանը նաև հայտնում է, որ միջադեպի հանգամանքները գտնվում են ուսումնասիրության փուլում՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու նպատակով:

Հիշեցնենք` երեկ ցերեկը Մարալիկում մի քանի երիտասարդներ հարձակվել և քաշքշել են սոցիալական ցանցերում հայտնի «ԱդեկվաԴ» հաղորդաշարի հեղինակներ Արթուր Դանիելյանին, Նարեկ Մալյանին ու հաղորդման օպերատորին:

Միջադեպը տեղի է ունեցել ուղիղ եթերի ընթացքում ու ամբողջությամբ հեռարձակվել հաղորդման ֆեյսբուքյան էջում: Կադրերում երևում է, որ մոտ 20 երիտասարդ` դժգոհ լինելով «ԱդեկվաԴի» թողարկումներից մեկում հնչած որոշ մտքերից, վիրավորել և հայհոյել են հաղորդման հեղինակներին, քաշքշել նրանց, որից հետո Ոստիկանության աշխատակիցները Նարեկ Մալյանին և Արթուր Դանիելյանին բերման են ենթարկել ոստիկանության Մարալիկի բաժին:

Sputnik Արմենիայի հետ զրույցում Նարեկ Մալյանը հայտնել էր, որ իրենք ցուցմունք են տվել ոստիկանությունում: Նրա տեղեկություններով` դեպքի առթիվ կհարուցվի գործ՝ խուլիգանության և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստերով:

Նա տեղեկացրել էր նաև, որ միջադեպի հետևանքով վնասվել է նկարահանող խմբի տեխնիկան:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն էլ ասել էր, որ Ոստիկանությունում աշխատանքներ են տարվում միջադեպի մանրամասները պարզելու համար և դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Իր` Մարալիկ մեկնելու մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Նա իր տեսաուղերձում հայտնում է, որ այցը կապված է Մարալիկում ընթացող բողոքի ակցիաներով, որոնց մասնակիցները դիմել են վերահսկողական ծառայությանը` ուսումնասիրություններ անելու: Մինչ այդ նա կոչ է արել որևէ մեկի նկատմամբ բռնություն չկիրառել:

«Մինչ այդ խնդրում եմ` բոլոր նրանց նկատմամբ, ով գալիս է Մարալիկ լինեն ադեկվատ, թե անադեկվատ, ագրեսիա չցուցաբերել, ինչքան էլ, որ անադեկվատ իրենց ցուցաբերեն: Թող գան, նկարեն, գնան իրենց անելիքն անեն, ազատ Հայաստանում անգամ անադեկվատները խոսելու իրավունք ունեն: Կխնդրեմ, որ հանդուրժող լինեք, մինչև գանք, տեսնենք, թե ինչն ինչոց է»,- ասել է Սանասարյանը:

89
թեգերը:
ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Դեմ կանգնել երեխաների հանդեպ բռնության մարտահրավերներին». Ա. Զեյնալյան
Նախնական տվյալներով` Խաչատուրյան քույրերը հոր կողմից սեռական բռնության են ենթարկվել
ՄԻՊ-ն ամփոփել է ընտրություններում արձանագրված դեպքերը ժամը 21:30-ի դրությամբ
ՄԻՊ թեժ գծի ահազանգերը վերաբերել են հիմնականում հաշվառմանն ու տեղամասերի անմատչելիությանը
ԲՀԿ–ն դիմել է ՄԻՊ–ին. բերման ենթարկվածին ամբողջ գիշեր պահել են ոստիկանությունում