Գալուստ Սահակյան

Այսօրվա իշխանությունը 30 տոկոս աջակիցներ ունի. Գալուստ Սահակյանի հաշվարկը

185
(Թարմացված է 14:09 05.10.2018)
ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու առաջադրելու որոշում դեռ չունի, բայց Գալուստ Սահակյանը չի բացառում նման հնարավորությունը:

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր քայլերի մասին շատ ավելի ուշ կհայտարարի: Այսօր` հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողներին այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում ՀՀԿ-ն իր թեկնածուն առաջադրի: 

«Հանրապետականի քայլերի մասին հետո, շատ հետո տեղյակ կլինեք։ Առայժմ որևէ բան չունենք ասելու: Մեզնից որևէ գործընթաց չի սկսվելու Հայաստանում, եթե աղմկոտ իրավիճակ չստեղծվի հանրապետությունում: Որ ժողովուրդը կարողանա հանգիստ ապրել, չընկնի քաղաքական ուժերի հետևից և սկսի աղմուկով խոսքեր ասել: Ժողովուրդն ուզում է լավ ապրել, պետք է ամեն ինչ անել, որ ժողովուրդը լավ ապրի»,- ասաց Սահակյանը։

Ինչ վերաբերում է գործող իշխանություններին, Սահակյանի հաշվարկով, նրանք այսօր վայելում են ՀՀ ընտրողների միայն 30 տոկոսի աջակցությունը:

«Այսօր իշխանության թիկունքին կանգնած է և ոտքի է կանգնում բնակչության 30 տոկոսը: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 30 տոկոսը: 70 տոկոսը չի մասնակցել ընտրություններին: ՀՀԿ-ն ևս չի մասնակցել ընտրություններին»,- ասաց նա:

Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ի համակիրները կան, գոյատևելու են ու ոտքի վրա են լինելու միշտ:

Նշենք, որ ԿԸՀ տվյալներով` սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել են 370,323 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի՝ 848,343-ի 43․65 տոկոսը:

Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ին կազմակերպված հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում հրաժարական կտա։ «Եթե այդ ընթացքում Ազգային ժողովը նոր վարչապետ ընտրի, թող ընտրի: Իսկ եթե ոչ, տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Իսկ եթե պարզվի, որ ժողովուրդը արտահերթ ընտրությունների կողմնակից է, մենք թույլ չենք տա նոր վարչապետ ընտրել»,- ասել էր Փաշինյանը:

Հանրահավաքը կազմակերպվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստից հետո, երբ խորհրդարանն ընդունել էր «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» պատգամավորների, վարչապետի հրաժարականից հետո թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել էին Բաղրամյան պողոտայում և շրջափակել ԱԺ շենքը: Խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո վարչապետը հայտարարեց, որ քաղաքական առումով աննախադեպ հանդիպում էր, և որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին:

185
թեգերը:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Գալուստ Սահակյան, Հայաստան
Ըստ թեմայի
Խոշոր բիզնեսը մնացել է առանց «կանոնների». ինչո՞ւ են անհրաժեշտ արտահերթ ընտրությունները
Գործարարները սպասում են արտահերթ ընտրություններին. ՊԵԿ նախագահ
ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետը ամենակարևոր հարցը չէ օրակարգում. ՀՅԴ հայտարարությունը
ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա. ՀՅԴ
ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին. Փաշինյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ է ԱԺ արտահերթ ընտրությունների հապշտապ անցկացմանը
«Լուսավոր Հայաստանը» պատրաստ է արտահերթ ընտրությունների. Մարուքյան