ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Վաղը` հոկտեմբերի 5-ին, խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի: Այս մասին որոշումը կայացվեց այսօր կառավարության նիստում: Որպես օրակարգային հարց որոշման մեջ նշված է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Ընդ որում, նախատեսվում է օրակարգային հարցի երկրորդ ընթերցումն անցկացնել առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում: Յուրաքանչյուր օրը կգումարվի մեկուկես ժամ տևողությամբ չորս նիստ`կես ժամյա ընդմիջումներով:
ԱԺ արտահերթ նիստում քննարկվելու է հաջորդ շաբաթվա 2 աշխատանքային օրերը ոչ աշխատանքային հայտարարելու նախագիծը: Ինչպես նշեց վարչապետ Փաշինյանը, որոշումը պայմանավորված է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացմամբ: «Քանի որ շատ մեծ են այդ միջոցառման ծավալները, մենք որոշեցին և ոստիկանության հետ քննարկեցինք, որ ճիշտ կլինի 2 օր ոչ աշխատանքային հայտարարել»,- ասաց Փաշինյանը: Հանրապետությունում ոչ աշխատանքային կլինեն հոկտեմբերի 11–ը և 12–ը։