Արայիկ Հարությունյան

Ուսուցիչներն արդեն գլուխները բարձր կարող են մտնել դպրոց. ԿԳ նախարար

150
(Թարմացված է 11:41 24.09.2018)
Արայիկ Հարությունյանը խոսեց Երևանի ավագանու ընտրությունների և հանձնաժողովներում ընդգրկված ուսուցիչների մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Երեկվա իրադարձություններից հետո գրեթե ամբողջ ազգը լավ տրամադրությամբ է սկսում աշխատանքային շաբաթը։ Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությանը։

«Երեկվա ընտրություններն անչափ կարևոր էին նաև կրթական ոլորտի համար։ Ինձ համար միշտ անընդունելի է եղել, երբ ուսուցիչներին, կրթական ոլորտի պատասխանատուներին ներգրավել են ընտրական գործընթացների մեջ։ Ոչ միայն ներգրավել են, այլև ստիպել են կեղծիքների մասնակից դառնալ, աչք փակել կեղծիքների վրա։ Այդպիսի մանկավարժը չի կարող քաղաքացի կրթել դպրոցում»,- ասաց նախարարը։

Նա հիշեցրեց` ինքը հայտարարել էր, որ դպրոցները պետք է ապաքաղաքական լինեն։

«Եվ այս հայտարարությունից հետո մի խնդիր էր առաջացել. ուսուցիչները զանգվածաբար հրաժարվում էին գնալ ընտրական հանձնաժողովներ, որովհետև նրանց մի մասն ունեին լիցենզիաներ, և նրանք մասնակցում էին այդ հանձնաժողովների կազմավորմանը»,- ասաց նա։

Հարությունյանը նշեց, որ ԿԳՆ-ն և անձամբ ինքը չէին կարող ուսուցիչներին արգելել գնալ հանձնաժողովներ, որովհետև դա նրանց իրավունքն է։

«Եվ ես հիմա մեծ ուրախությամբ պետք է ասեմ, որ այս ուսուցիչները գլուխները բարձր երեկ պաշտպանել են իրենց աշակերտների ապագան։ Եվ ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ գլուխները կախ գնում էին դպրոց, կեղծիքներից հետո ստիպված արդարացումներ էին գտնում, այսօր նրանք գլուխները բարձր և արժանապատվորեն են գնալու դպրոց»,- ասաց նախարարը։

Հարությունյանի խոսքով` այդ ուսուցիչները չեն կարող վատ աշակերտ ու քաղաքացի կրթել։

«Որևէ տեղեկություն չունեմ, որ հանձնաժողովները մասնակցել են ինչ-որ կեղծիքի։ Որևէ քաղաքական ուժ չի կարող ասել, որ դպրոցների ուսուցիչները, աշակերտները, ծնողներն ու տնօրենները ներգրավված են եղել կեղծիքների կամ քարոզչության մեջ։ Այն ուսուցիչներին, որոնք եղել են հանձնաժողովներում, շնորհավորում եմ քաղաքական որևէ ուժի քարոզ չանելու, չեզոքություն պահելու և արժանապատվորեն իրենց աշխատանքը կատարելու համար»,- ասաց նա։

Նշենք, որ ԿԸՀ-ն արդեն ամփոփել է սեպտեմբերի 23-ին կայացած Ավագանու ընտրության նախնական արդյունքները։ Հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։

Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։

Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձել է Երևանի նոր քաղաքապետ։

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե, քաղաքական ուժը ստացել է ձայների 50 տոկոսից ավելին, այդ դեպքում տվյալ քաղաքական ուժի թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ։

Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ԱՄՆ է մեկնել երեկ` սեպտեմբերի 23-ին, այնտեղից նա կմեկնի Տաջիկստան և Հայաստան կվերադառնա սեպտեմբերի 29-ին։

150
թեգերը:
Արայիկ Հարությունյան, Հայաստան
Ըստ թեմայի
Կրթության նախարարը դպրոցների տնօրեններին հիշեցնում է Սերժ Սարգսյանին մերժելու մասին
Դպրոցների տնօրենները հրաժարվում են ընտրական հանձնաժողովների նախագահ լինելուց. «Ժողովուրդ»
Հարությունյան. «Աշակերտներն այս տարի սեպտեմբերի 1-ին դպրոց են մտնում այլ մթնոլորտում»
Նոր Հայաստանում դպրոցը երեխային պետք է թռիչքի պատրաստի. Փաշինյան