Նիկոլ Փաշինյան

Նույն գույնի «նասկիներով» օլիգարխներ այլևս չեն լինելու. Փաշինյանը գնահատում է օրինապահին

525
(Թարմացված է 20:44 16.09.2018)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանում այլևս չկա օլիգարխիա։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում այլևս չկա և չի լինելու քչերի իշխանություն։ Այսօր` սեպտեմբերի 17-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ պետք է չէ, որ Հայաստանում իրար հետևից 10 հատ նույն համարով ավտոներ պտտվեն շարասյուներով,` ցույց տալու համար, որ իրենք առավել են ինչ-որ մեկից։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են և ում հաճույք է պատճառում լինել օլիգարխ, չեն հասկանում Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի լինելու կոչումը։ Եվ ես բոլոր այդ մարդկանց ` էդ ձեր բազմահարյուրհազարանոց ավտոմենքների նույն համարներով, նույն գույներով, նույն բանդաժներով, նույն գույնի կոշիկներով, տո նույն գույնի նասկիներով, ասում եմ` ՀՀ-ում կա մի բարձրագույն կոչում` ՀՀ օրինապաշտ քաղաքացի։ Այդ կոչման դեպքում կվայելեք բոլորի հարգանքը»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով` պետք չէ սեփական հարստությունը, ավտոները, կոշիկներն ու վերտուները ժողովրդի աչքը մտցնել։

«Դադարեցրեք ձեր դրամապանակներով զարմացնելու գործելաոճը, հակառակ դեպքում դո՛ւք ամեն օր կզարմանաք»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ հանձնարարել է ոստիկանությանը ուսումնասիրել հարցը և օրենքով սահմանված լուծումներ տալ։

«Հայաստանում չպետք է լինեն ապօրինի շարասյուներ, որոնք քշում են մարդկանց վրա և իրենց ամեն քայլով արհամարհանք են արտահայտում»,- ասաց նա։

Այդուհանդերձ, Փաշինյանն ընդգծեց, որ գործարարները, գործարարությունը չափազանց կարևոր ինստիտուտ է։

«Ես այս ամենը չեմ ասում որևէ մեկին նեղացնելու համար։ Ես ուզում եմ, որ ի վերջո տեղի ունենա մեծ հաշտություն բոլոր մարդկանց միջև։ Այդ բոլոր գործարարները իրենց հարկերը վճարելու, մյուս քաղաքացիների նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքում կարժանանան հսկայական հարգանքի ու գնահատանքի, որովհետև գործարար խավը շատ կարևոր է Հայաստանի համար։ Իմ հարգանքի հավաստիքն եմ հայտնում նրանց, ովքեր պատրաստ են ծառայել Հայաստանին, հարստանալ և հաստացնել, բայց իրենց հարստությամբ ուրիշներին չնվաստացնել, ցույց տալ, որ Հայաստանը մի տեղ է, որտեղ կարելի է հաստանալ»,- ասաց նա։

Վարչապետը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանում չկա օլիգարխիա և օլիգարխ։

«Մեր երեխաները երբեք չեն ուզելու նմանվել որևէ մականունավորի։ Այս երեխաները ցանկանալու են նմանվել Տիգրան Մանսուրյանին, Արմենակ Ուրֆանյանին, նրանց իդեալը լինելու են Կոմիտասն ու Հովհաննես Թումանյանը, Մարտիրոս Սարյանն ու Մինաս Ավետիսյանը, նրանց երազանքը լինելու են կրթությունն ու տիեզերքը, հզոր ապագան և ոչ թե «ռենջռովերներն» ու նույն գույնի կոշիկներն ու գուլպաները»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով` հայ երեխաների իդեալները լինելու են իրենց հայրերն ու պապերը, նպատակը լինելու է ազնվությունը, նրանք հարգելու են աշխատանքը, ոչ թե գողությունը, հարգելու են բանվորին, ոչ թե գողերին, այս երեխաները հասկանալու են` չկա աշխատանք, որի համար պետք է ամաչել։

525
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (502)