Թևան Պողոսյան

«Թշնամին չի ննջում». Թևան Պողոսյանը` գաղտնալսման աղմկահարույց միջադեպի մասին

239
Հայաստանում թեժ աշուն է լինելու` հագեցած կարևոր ներքաղաքական իրադարձություններով, կարծում է Թևան Պողոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Պատերազմը չի ավարտվել, թշնամին չի ննջում։ Այս մասին ասաց «Մարդկային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թևան Պողոսյանը` մեկնաբանելով ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման շուրջ ծավալված սկանդալը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Վանեցյանը և Խաչատրյանը 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։ Հիշեցնենք, որ այս երեքին մեղադրում են 2008թ-ի մարտի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը հանգեցրել է 10 մարդու մահվան։

Պողոսյանը հրաժարվեց գնահատականներ տալ աղմկահարույց այս իրադարձությանը կամ մեկնաբանել պետական կառույցների ղեկավարների գործողությունները։

«Չեմ մեկնաբանի, չեմ անձնավորի… Քննություն է գնում, որը կբացահայտի այս գործը։ Ինձ հետաքրքրում է բուն երևույթը, որը կապված է մեր երկրի անվտանգության հետ։ Մենք պետք է գիտակցենք, որ մեր պատերազմը չի ավարտվել, և թշնամին արթուն է», — այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց Պողոսյանը։

Նրա կարծիքով` բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հետևեն, թե ինչ են խոսում` հաշվի առնելով, թե ինչ նշանակություն է տրվում նրանց յուրաքանչյուր խոսքին։ Բացի այդ, անհրաժեշտ է հետևել պետական մակարդակով տեխնիկական անվտանգության ապահովմանը։

Ինչպես նշեց Պողոսյանը, Հայաստանին թեժ աշուն է սպասում, որը հագեցած կլինի ներքաղաքական իրադարձություններով։

Ըստ նրա, արդեն հաջորդ շաբաթ քաղաքացիներին երկու կարևորագույն քննությունն է սպասում` արժանավայել նշել Հայաստանի անկախության 27-ամյակը, ինչպես նաև ավագանու ազատ և արդար ընտրություններ անցկացնել։

Նրա կարծիքով, Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, որոնք հնարավոր է հաղթահարել միայն ժողովրդի համախմբվածության օգնությամբ։ Պողոսյանն ընդգծեց արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ ավագանու ընտրություններին կմասնակցեն 8 կուսակցություն և 4 դաշինք։ Արտահերթ ընտրությունը կկայանա սեպտեմբերի 23-ին։ Ընտրություն անցկացնելու անհրաժեշտությունն առաջացավ հուլիսի 9-ին` Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։

239
Ըստ թեմայի
Վանեցյանի և Խաչատրյանի խոսակցության «գաղտնիքը» կպարզի քննչական խումբը
Վանեցյանի և Խաչատրյանի սկանդալային խոսակցությունն ուսումնասիրել է օմբուդսմենը
Վանեցյանն ու Խաչատրյանը հրաժարական չեն տա. նրանք ասացին, թե ինչու
Գաղտնալսման բոլոր հանգամանքները կպարզվեն, մեղավորները կպատժվեն. Վանեցյան
Վանեցյանի ու Խաչատրյանի գաղտնալսումը շանտաժ է. Փաշինյան