ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Եթե գործադիր իշխանությունը փորձի երկիրը տանել «անցումային արդարադատության» ճանապարհով, ապա պետք է առնվազն 4 հանգամանք։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
Փաստաբանն առաջին կետով նշել է ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 1-ին հոդվածը, որի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է: Հետևաբար Հայաստանում ճանաչվում է իրավունքի գերակայությունը պետական իշխանության նկատմամբ։
Այնուհետև Զոհրաբյանը հիշեցրել է, որ ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 3-րդ հոդվածի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք։
Փաստաբանների պալատի նախագահի հիշեցրած երրորդ նորմը վերաբերում է ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածին, որի համաձայն՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա։
Զոհրաբյանը նշել է նաև` արդյո՞ք երկրում առկա է այն ճգնաժամը, որն առաջացել է հանցագործությունների, զինված բախումների կամ այլ անօրինական գործընթացների (այդ թվում՝ դատական իշխանության անօրինական գործողությունների) և մարդու իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումների արդյունքում, և որը իշխանությունը չի կարողանում հաղթահարել այլ եղանակով:
«Եթե իշխանությունը կգնա «անցումային արդարադատության» ճանապարհով վերոհիշյալ նորմերի խախտումներով և առանց լուրջ հիմնավորման, ապա իշխանության թիմին նրա քաղաքական հակառակորդները հնարավորություն կունենան մեղադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախատեսված սահմանադրական կարգը տապալելու արարք կատարելու մեջ»:,- գրել է Զոհրաբյանը` հիշեցնելով, որ Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափազանց կարևոր համարեց անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ քննարկումների անհրաժեշտությունը։
Նա անցումային արդարադատության մարմինների անհրաժեշտությունն այսպես հիմնավորեց. «Անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են «տեղը չբերել» ժողովրդական հեղափոխությունը, այլև այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը հիշեցրեց, որ, օրինակ, ապօրինի հարստացման մասին օրենքն ուժի մեջ է մտել 2017 թվականի հունիսի 1-ից, և, ըստ վարչապետի, ֆորմալ առումով 2017 թվականի հունիսի 1-ից առաջ թալանվածը վերադարձնելը կարող է բարդություններ առաջացնել։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Գերիների վերադարձի հումանիտար, կարևորագույն հարցի քաղաքականացումն անընդունելի է։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը`անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը հայ բոլոր գերիներին վերադարձրել է։ Իսկ այդ երկրում մնացած անազատության մեջ գտնվող մյուս անձինք հանցագործներ են` դիվերսանտներ։
Այվազյանը շեշտեց, որ Ալիևի հայտարարության անընդունելիությունն արդեն հաստատվել է նաև տարբեր միջազգային կառույցների կողմից։
«Հավանաբար տեղյակ եք, որ տարբեր երկրների, միջազգային կառույցների ղեկավարներն արդեն ավելացնում են այս հարցով միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։ Վերջինը` երեկ Իտալիայի խորհրդարանը նույնպես ընդունել է բանաձև` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ լուծում տալ այս հումանիտար կարևորագույն հարցին»,– ասաց Այվազյանը։
Ագ նախարարը նաև հայտնեց, որ գերիների վերադարձի համար հայկական կողմն օգտագործում է բոլոր խողովակները` հատկապես կարևորելով տարածաշրջանում ՌԴ–ի ունցած կարևոր դերակատարումը։
«Սկսած նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այս հարցի ուղղությամբ, և ռուսական կողմը հետևողականորեն բարձրացնում է այդ հարցը Ադրբեջանի ղեկավարության մոտ»,– ասաց Այվազյանը։
Նա նաև հավելեց, որ այդ հարցը հատուկ ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զրույցների մակարդակում։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Սարգսյանը մասնավորապես ընդգծել է ՌԴ վարչապետի ծանրակշիռ ներդրումը երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների և քաղաքական, տնտեսական, ռազմական ու հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ու ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների բարելավման մեջ»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ նախագահ քաջառողջություն և հաջողություններ է մաղթել ՌԴ վարչապետին:
Նշենք, որ այսօր լրանում է Միշուստինի 55-ամյակը։
Ավելի վաղ նրան շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


