ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարածները ենթարկվելու են պատասխանատվության: Այդ մասին facebook-յան ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` բոլորը պատասխան են տալու Հայաստանի օրենսդրության սահմանված կարգով: Սակայն օրենքի առաջ պատասխանատու է նաև կառավարությունը: Այդ պատճառով ողջ գործընթացը պիտի կազմակերպվի միայն օրինական լիազորությունների ներքո, այսինքն՝ կառավարությունը չպետք է միջամտի օրենսդիր կամ դատական իշխանության աշխատանքին:
«Որովհետև մենք չենք ուզում ուրիշների ապօրինությունները փոխարինել մեր ապօրինություններով, ուրիշների գողացածը՝ տեղափոխել մեր գրպաններ: Մենք ուզում ենք դա տեղափոխել Հայաստանի բյուջե և ծառայեցնել պետության կարիքներին», — հավելեց Փաշինյանը:
Մնացած հարցերի պատասխանները նա խոստացավ տալ օգոստոսի 17-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին:
Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Քոչարյանն ազատ է արձակվել, սակայն Հատուկ քննչական ծառայության կողմից ներկայացված մեղադրանքը դեռ չի կասեցվել: Գլխավոր դատախազությունն արդեն հայտարարել է, որ Քոչարյանին ներկայացրած մեղադրանքը կպնդի Վճռաբեկ դատարանում:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։
Նախագահի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Հիմա գնում ենք նախագահի հետ հանդիպման, որից հետո պարզ կլինի նախագահի դիրքորոշումը, ինչու է այն փոխվել, և կպատասխանեմ ձեր հարցերին»,-հանդիպումից առաջ «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանցյանը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին թեկնածուներին հարցեր տալ նրանց ապագա գործունեության մասին, օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը հիշեց ԲԴԽ նախագահի՝ 2020 թ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը և փորձեց ճշտել՝ արդյո՞ք այն քաղաքական չէր՝ հիշեցնելով, որ այդ օրը պետք է տեղի ունենար ԱԱԾ նախկին տնօրեն ու Վարդազարյանի վաղեմի ընկեր Արթուր Վանեցյանի կալանքի հարցով դատական նիստը:
ԲԴԽ նախագահը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը հաշվետու չէ ԱԺ-ին ու հավելեց. «Հետևաբար ես պարտավոր չեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ»:
ԱԺ նիստը վարող փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց պատասխանել հարցերին:
«Կարող եք ընդհանրապես չպատասխանել, և մենք ու քաղաքացիները մեր հետևություններ կանենք, բայց ես կոչ եմ անում այնուամենայնիվ պատասխանել»,- ասաց նա:
ԲԴԽ նախագահին ուղղված հարցերի տարափից զայրացած անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ տեղից հարց ուղղեց Վարդազարյանին. «Ինչո՞ւ է աղմկում գետը»:
Ալեն Սիմոնյանը խնդրեց տեղից չմիջամտել. «Պարոն Պետրոսյան, ես ձեր հարցերի խորությունը մշտապես նկատել եմ, բայց ձեր գետի հետ կապված խնդրում եմ տեղից չխոսել»:
«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին. «Դուք գիտե՞ք` որտեղ եք գտնվում»:
Վարդազարյանն էլ հայտնեց, որ որևէ կանոն չի խախտել ու նշեց դատավորների գործունեության ու վարքագծի կանոնները սահմանող մի շարք օրենքների հոդվածներ:
«Այդ վարքագծի կանոններից ելնելով՝ ես ունեմ զսպվածության սահման, և այդ զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ ինձ փորձեք դրդել դեպի քաղաքական քննարկում»,- ասաց ԲԴԽ նախագահը:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:


