ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները սկզբում պետք է հաստատի Հավաքական անվտանգության խորհուրդը։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը օգոստոսի 12-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցը։
«Մնացած քայլերը կքննարկվեն կազմակերպության շրջանակներում տարբեր մակարդակներով, պայմանավորվածությունները կներկայացվեն Հավաքական անվտանգության խորհրդի քննարկմանն ու հաստատմանը։ Մենք դեռ ավելացնելու բան չունենք, հասարակությանը տեղեկություն կտրվի բոլոր այս գործընթացների մասին», — ասաց Նաղդալյանը։
Նրա խոսքով` Հայաստանն իր հերթին արել է հնարավոր ամեն բան, որպեսզի ներքին հարցերը չանդրադառնան ՀԱՊԿ-ի գործերի վրա։
Հիշեցնենք` Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:
Օգոստոսի 4-ին քննչական մարմինները թույլ են տվել Խաչատուրովին լքել երկիրը, և նա վերադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր պարտականությունների կատարմանը։
Ներկա պահին հայկական կողմը քննարկում է գլխավոր քարտուղարին փոխարինելու հարցը։ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել 2017 թվականին, երեք տարի ժամկետով։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։
Նախագահի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Հիմա գնում ենք նախագահի հետ հանդիպման, որից հետո պարզ կլինի նախագահի դիրքորոշումը, ինչու է այն փոխվել, և կպատասխանեմ ձեր հարցերին»,-հանդիպումից առաջ «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին թեկնածուներին հարցեր տալ նրանց ապագա գործունեության մասին, օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը հիշեց ԲԴԽ նախագահի՝ 2020 թ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը և փորձեց ճշտել՝ արդյո՞ք այն քաղաքական չէր՝ հիշեցնելով, որ այդ օրը պետք է տեղի ունենար ԱԱԾ նախկին տնօրեն ու Վարդազարյանի վաղեմի ընկեր Արթուր Վանեցյանի կալանքի հարցով դատական նիստը:
ԲԴԽ նախագահը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը հաշվետու չէ ԱԺ-ին ու հավելեց. «Հետևաբար ես պարտավոր չեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ»:
ԱԺ նիստը վարող փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց պատասխանել հարցերին:
«Կարող եք ընդհանրապես չպատասխանել, և մենք ու քաղաքացիները մեր հետևություններ կանենք, բայց ես կոչ եմ անում այնուամենայնիվ պատասխանել»,- ասաց նա:
ԲԴԽ նախագահին ուղղված հարցերի տարափից զայրացած անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ տեղից հարց ուղղեց Վարդազարյանին. «Ինչո՞ւ է աղմկում գետը»:
Ալեն Սիմոնյանը խնդրեց տեղից չմիջամտել. «Պարոն Պետրոսյան, ես ձեր հարցերի խորությունը մշտապես նկատել եմ, բայց ձեր գետի հետ կապված խնդրում եմ տեղից չխոսել»:
«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին. «Դուք գիտե՞ք` որտեղ եք գտնվում»:
Վարդազարյանն էլ հայտնեց, որ որևէ կանոն չի խախտել ու նշեց դատավորների գործունեության ու վարքագծի կանոնները սահմանող մի շարք օրենքների հոդվածներ:
«Այդ վարքագծի կանոններից ելնելով՝ ես ունեմ զսպվածության սահման, և այդ զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ ինձ փորձեք դրդել դեպի քաղաքական քննարկում»,- ասաց ԲԴԽ նախագահը:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:


