ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի մարտական դիրքերի վերադիրքավորման փորձերը Հայաստանի համար անընդունելի են։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։
«Հայաստանի ԶՈՒ-ն լիովին հսկում է իրավիճակը Նախիջևանի ուղղությամբ։ Նախիջևանի ուղղությամբ իրավիճակի հարցով համապատասխան հայտարարություն տարածել է ՀՀ պաշտպանության նախարարությունը», — ասաց Նաղդալյանը։
Նրա խոսքով` վերադիրքավորման փորձերն անընդունելի են հայկական կողմի համար, ինչի մասին ադրբեջանական կողմին տեղեկացրել են։
«Այդ փորձերն ամեն կերպ կանխվելու են», — ասաց Նաղդալյանը;
Նշենք, որ օգոստոսի 12-ին կրկին լարված է եղել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում։ Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը պատասխանել են կրակով։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում հատկապես լարվածություն է նկատվում հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում։ Փորձագետներն այն անվանել են «դիրքային պատերազմ» և նշել, որ ադրբեջանական կողմը ընդամենը բարելավել է իր դիրքերն իր հատվածում։
Իսկ հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները նախիջևանյան ուղղության որոշ տեղամասերում փորձել էին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Դրան ի պատասխան, ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ էին արձակել` թույլ չտալով, որ հակառակորդը կատարի իր խնդիրը: Հայաստանի զինված ուժերի արձակած կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել էր հակառակորդի դիրքերից մեկը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։
Նախագահի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Հիմա գնում ենք նախագահի հետ հանդիպման, որից հետո պարզ կլինի նախագահի դիրքորոշումը, ինչու է այն փոխվել, և կպատասխանեմ ձեր հարցերին»,-հանդիպումից առաջ «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում են պահանջում նախագահի հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին թեկնածուներին հարցեր տալ նրանց ապագա գործունեության մասին, օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը հիշեց ԲԴԽ նախագահի՝ 2020 թ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը և փորձեց ճշտել՝ արդյո՞ք այն քաղաքական չէր՝ հիշեցնելով, որ այդ օրը պետք է տեղի ունենար ԱԱԾ նախկին տնօրեն ու Վարդազարյանի վաղեմի ընկեր Արթուր Վանեցյանի կալանքի հարցով դատական նիստը:
ԲԴԽ նախագահը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը հաշվետու չէ ԱԺ-ին ու հավելեց. «Հետևաբար ես պարտավոր չեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ»:
ԱԺ նիստը վարող փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց պատասխանել հարցերին:
«Կարող եք ընդհանրապես չպատասխանել, և մենք ու քաղաքացիները մեր հետևություններ կանենք, բայց ես կոչ եմ անում այնուամենայնիվ պատասխանել»,- ասաց նա:
ԲԴԽ նախագահին ուղղված հարցերի տարափից զայրացած անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ տեղից հարց ուղղեց Վարդազարյանին. «Ինչո՞ւ է աղմկում գետը»:
Ալեն Սիմոնյանը խնդրեց տեղից չմիջամտել. «Պարոն Պետրոսյան, ես ձեր հարցերի խորությունը մշտապես նկատել եմ, բայց ձեր գետի հետ կապված խնդրում եմ տեղից չխոսել»:
«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին. «Դուք գիտե՞ք` որտեղ եք գտնվում»:
Վարդազարյանն էլ հայտնեց, որ որևէ կանոն չի խախտել ու նշեց դատավորների գործունեության ու վարքագծի կանոնները սահմանող մի շարք օրենքների հոդվածներ:
«Այդ վարքագծի կանոններից ելնելով՝ ես ունեմ զսպվածության սահման, և այդ զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ ինձ փորձեք դրդել դեպի քաղաքական քննարկում»,- ասաց ԲԴԽ նախագահը:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:


