ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Երևանում գազալցակայանների փակումը քաղաքական ենթատեքստ չի ունեցել, պատճառներն այլ են։ Այս մասին Sputnik Արմենիայի հայտնեց ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության պետական տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԻՆ-ը Երևանի 12 գազալցակայաններում խոշոր խախտումներ է բացահայտել։
Հայրապետյանի խոսքով` գազալցակայաններում հրդեհային անվտանգության վիճակը պարզելու նպատակով ստուգումներ են սկսվել դեռ 2018 թվականի հունիսին։
«Ստուգումներից հետո բոլոր գազալցակայաններին հրահանգել էին խելամիտ ժամկետներում շտկել թերությունները։ Այդ ժամկետների ավարտից հետո մենք լրացուցիչ ստուգումներ իրականացրինք, որի արդյունքում վատագույն վիճակում (հրդեհային իրավիճակի հարցում) գտնվող գազալցակայանները փակվեցին», — ասաց Հայրապետյանը։
Նրա խոսքով` անվտանգության ապահովման տեսանկյունից կատարյալ գազալցակայաններ ամենայն հավանականությամբ չկան ամբողջ աշխարհում։ Սակայն հարցն այն է, թե որքան լուրջ են թերությունները, և կարող են արդյոք դրանք ծանր հետևանքների հանգեցնել։
Հիմնական խնդիրները կապված են հակահրդեհային ջրամատակարարման, էլեկտրամատակարարման ապահովման, հրամարիչների առկայության կամ քանակի, ինչպես նաև հակահրդեհային ազդանշանային համակարգի հետ։
Որոշ գազալցակայաններ փակվելուց հետո հիմնական թերությունները վերացրել են մի գիշերվա ընթացքում։
«Որոշ գազալցակայաններ հիմնական աշխատանքներն իրականացնելուց հետո արդեն բացվել են։ 100%-ով ամեն ինչ չի վերացվել, որոշակի ժամանակ կպահանջվի, այդ խնդիրները կկարողանան լուծել աշխատելու ընթացքում», — ասաց Հայրապետյանը։
Նրա խոսքով` ստուգումներն իրականացվել են անկախ նրանից, թե ում են պատկանում գազալցակայանները։ Քաղաքական ենթատեքստ այստեղ չկա։
Հայաստանում գազալցակայանների բիզնեսը կապվում է մի շարք հայտնի մարդկանց հետ, մասնավորապես` նախկին պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, էներգետիկայի նախկին նախարար Երվանդ Զախարյանի, «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։
«Մեզ համար հիմնական հարցն անվտանգության պահպանումն է», — նշեց Հայրապետյանը։
Նա պնդում է, որ խնդիրը վաղուց էր հայտնվել ԱԻՆ-ի ուշադրության կենտրոնում, ստուգումներ են իրականացվել նաև 2015 թվականին. այն ժամանակ 4 գազալցակայան փակվեցին։
Հիշեցնենք, որ նախարարության մասնագետներն այս տարվա հունիսին ստուգումներ են իրականացրել Երևանի 23 գազալցակայաններում։ Խախտումներ հայտնաբերած գազալցակայանների ղեկավարներին հանձնարարվել էր սահմանված ժամկետում վերացնել բացթողումները։ Ժամկետները լրանալուց հետո կատարվել է կրկնակի ստուգայց՝ պարզելու արդյոք թերությունները վերացված են, թե ոչ: Արդյունքում, թվով 12 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ կայացվել են որոշումներ՝ դրանց շահագործումն արգելելու վերաբերյալ: Դրանք են՝
1. «ԳԱՕՄ գրուպ» ԱԳԼՃԿ, Դավիթաշեն 3-րդ թաղ, 19/2,
2. «Արտ Թամ» ԱԳԼՃԿ, Արտաշատի խճ. 103/2,
3. «Լիլ Սթար» ԱԳԼՃԿ, Նորագավիթ 1-ին փ.,
4. «Մուլտի գազ» ԱԳԼՃԿ, Գյուրջյան փողոցին հարող տարածք,
5. «Կելլի և Վիլիամս» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Շիրազի փող. 43
6. «Ռոբել» ԱԱԿ ԱԳԼՃԿ, Լուկաշինի խճ. 5,
7. «Խճաքար-մուսա» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Տիչինայի 140,
8. «Պոդո առաջին» ԱԳԼՃԿ, Արին Բերդի 2-րդ նրբ.7/2
9. «Գուրգեն Դավթյան» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Նորք-Մարաշ տանող ավտոճանապարհ
10. «Քար գազ Սերվիս» ԱԳԼՃԿ, Սասնա Ծռեր 1/5,
11. «Օկտան ԴՊ» ԱԳԼՃԿ, Գրիբոյեդով 48,
12. «Ավտոստոպ» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Սասունցի Դավիթ փող. 87:
Հարկ է նշել, որ շահագործումը դադարեցնելուց հետո նշված ԱԳԼՃԿ-ներից մի քանիսն արդեն իսկ իրականացրել են որոշակի աշխատանքներ հակահրդեհային թերությունները վերացնելու ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:
«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։
«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։ «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին նշանակվել է Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Մարկոս Պիզելին խոսել է իր զգացողությունների, ծրագրերի և նպատակների մասին։
«Շատ երջանիկ եմ կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար: Կանեմ առավելագույնը՝ Հայաստանին վերադարձնելու այն ամենը, ինչ այդ երկիրն է տվել ինձ: Իմ գործառույթներից մեկը կլինի տարբեր միջոցառումների ժամանակ Հայաստանը ներկայացնելը: Բացի այդ, ես պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատեմ Հարավային Ամերիկայում հայկական սփյուռքի հետ: Հնարավոր է՝ կարողանամ նոր ֆուտբոլիստներ հայտնաբերել, որոնք ապագայում կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը: Ես մեծ ցանկություն ունեմ սովորելու: Վստահ եմ՝ ՀՖՖ-ն կաջակցի ինձ այդ հարցում, իսկ ես կփորձեմ իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,– ասել է նա:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս անդրադարձել է Մարկոս Պիզելիի նշանակմանը:
«Մոտ մեկ ամիս առաջ արդեն հայտարարել էինք Յուրա Մովսիսյանի՝ Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան նշանակվելու մասին: Այժմ որոշել ենք, որ նմանատիպ գործառույթներով Հարավային Ամերիկայում կզբաղվի մեր նշանավոր ֆուտբոլիստներից ևս մեկը՝ Մարկոս Պիզելին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած քաղաքականությանը. մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականում մեծ ներդրում ունեցած ֆուտբոլիստները շարունակեն ներգրավված մնալ հայկական ֆուտբոլում, իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն հայկական ֆուտբոլի զարգացմանը: Հարավային Ամերիկան շատ կարևոր տարածաշրջան է մեզ համար: Այստեղ կան հայկական մեծաքանակ համայնքներ, որոնցում շատ են ֆուտբոլով զբաղվող երիտասարդները: Վստահ եմ, որ Մարկոս Պիզելին հենց այն անձնավորությունն է, որը կարող է գտնել հայազգի ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները»,– ասել է Մելիքբեկյանը:
Հիշեցնենք` հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում, և պարզ է դարձել, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն, որից, սակայն, Պիզելին հրաժարվել է և որոշել է ավարտել իր կարիերան:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Պիզելին անցկացրել է 66 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ: Բրազիլացի ֆուտբոլիստը 35 տարեկան է։


