Թոշակառուներ

Կբարձրանա՞ն թոշակներն ու աշխատավարձերը. կառավարությունը հաշվում է, ժողովուրդը` սպասում

3193
Կառավարությունում սկսվել են 2019թ–ի բյուջեի քննարկումները։ Ինչպիսի կլինի այն և ինչ կտա ՀՀ շարքային քաղաքացիներին, կառավարությունում էլ դեռ հստակ չգիտեն։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik, Նելլի Դանիելյան. ՀՀ կառավարությունը սկսել է քննարկել հաջորդ տարվա պետական բյուջեն։ Հանրությանը հուզող կարևոր հարցի պատասխանը` կբարձրանան արդյո՞ք աշխատավարձերը, նպաստներն ու կենսաթոշակները, շարունակում է առկախ մնալ։

Վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը, պատասխանելով այս հարցին, նշեց. «Իհարկե, և՛ կառավարության մեջ, և՛ ընդհանուր քաղաքականության մեջ բյուջետային աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացումն առաջնահերթ տեղում է, և արվելու է առավելագույնը, որ այդ բարձրացումը լինի պատշաճ»։

Իսկ թե ինչ չափով բարձրացումն է համարվում «պատշաճ», վարչապետի խորհրդականը դժվարացավ հստակ թիվ ասել` հավելելով, որ նոր իրավիճակում, երբ ամեն օր նոր փողեր են բացահայտվում ու մուտք արվում բյուջե, կառավարությունը դժվարանում է հաշվարկել, թե հաջորդ տարի բյուջետային մուտքերն ինչ չափով կլինեն։ Հետևաբար հայտնի չեն նաև հաջորդ տարվա կարևոր ֆինանսական փաստաթղթի չափն ու հնարավորությունները։

Այդուհանդերձ, կառավարությունում գիտակցում են, որ բարձրացումների անհրաժեշտությունն անվիճելի է, քանի որ նվազագույն աշխատավարձերի ու նվազագույն թոշակների տարբերությունը միջին թոշակներից ու աշխատավարձերից ահռելի է։ Ուստի, Մեսրոպ Առաքելյանի խոսքով, բարձրացումն առաջին հերթին վերաբերելու է հենց ցածր եկամուտ ունեցողներին։

Տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը կենսաթոշակների ու նպաստների հարցը համարում է նոր իշխանությունների գլխավոր բացթողումը։

«Անցյալ ամիս հաստատվեց միջնաժամկետ ծախսային ծրագիրը։ Ես ուզում եմ փաստել, որ մեր կառավարությունը, թեև հրապարակում ասում է` աշխատավարձերի, թոշակների աճ, բայց այս ծրագրով ոչ մի աճ չի նախատեսված»,- Sputnik Արմենիային ասաց Ասատրյանը` հավելելով, որ առաջիկա բյուջետային քննարկումների ընթացքում կառավարությունը հնարավորը պիտի անի իրական բյուջե ներկայացնելու համար։

Տնտեսագետի խոսքով` ամենակարևորը կյանքի ծրագրավորումն է, ինչի համար մարդը հստակ պետք է իմանա` ինչպիսի եկամուտներ կարող է ունենալ հաջորդ տարի։

Հիշեցնենք` հուլիսի 20-ին հրավիրած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը բարձրացնելու է կենսաթոշակները, երբ վերացնի գողությունը բյուջեից։

Իսկ մայիսի 1-ին ԱԺ-ում ելույթ ունենալիս Փաշինյանը հայտարարել էր. «Մեզ սպասվում է բյուջետային եկամուտների էական մեծացում, ինչն էլ իր հերթին բերելու է աշխատատեղերի բացման, կենսաթոշակների ավելացման և աղքատության կրճատման»։

Հայաստանում միջին կենսաթոշակն այսօր կազմում է 41 հազար դրամ և վերջին անգամ շուրջ 1000 դրամով բարձրացել է 3 տարի առաջ` 2015թ-ին։ Համեմատության համար նշենք, որ նվազագույն սպառողական զամբյուղը պաշտոնական հաշվարկով կազմում է 52 հազար դրամ։

3193
Եվրատեսիլ, արխիվային լուսանկար

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին»

29
(Թարմացված է 14:40 05.03.2021)
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` հայտնելով, թե որն է նման որոշում կայացնելու պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։ 

«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։  «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։

29
թեգերը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, Եվրատեսիլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ տարեց տղամարդը Լիբանանի «The Voice»-ում երգում է «Թռչեի մտքով տուն». տեսանյութ
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ
Սերժ Թանկյանի Recognize Artsakh երգը ռուսերեն են թարգմանել. տեսանյութ
Մարկոս Պիզելի

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան է նշանակվել

8
(Թարմացված է 14:39 05.03.2021)
Ֆուտբոլիսն ասել է, որ շատ երջանիկ է կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին նշանակվել է Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Մարկոս Պիզելին խոսել է իր զգացողությունների, ծրագրերի և նպատակների մասին։

«Շատ երջանիկ եմ կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար: Կանեմ առավելագույնը՝ Հայաստանին վերադարձնելու այն ամենը, ինչ այդ երկիրն է տվել ինձ: Իմ գործառույթներից մեկը կլինի տարբեր միջոցառումների ժամանակ Հայաստանը ներկայացնելը: Բացի այդ, ես պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատեմ Հարավային Ամերիկայում հայկական սփյուռքի հետ: Հնարավոր է՝ կարողանամ նոր ֆուտբոլիստներ հայտնաբերել, որոնք ապագայում կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը: Ես մեծ ցանկություն ունեմ սովորելու: Վստահ եմ՝ ՀՖՖ-ն կաջակցի ինձ այդ հարցում, իսկ ես կփորձեմ իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,– ասել է նա:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս անդրադարձել է Մարկոս Պիզելիի նշանակմանը:

«Մոտ մեկ ամիս առաջ արդեն հայտարարել էինք Յուրա Մովսիսյանի՝ Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան նշանակվելու մասին: Այժմ որոշել ենք, որ նմանատիպ գործառույթներով Հարավային Ամերիկայում կզբաղվի մեր նշանավոր ֆուտբոլիստներից ևս մեկը՝ Մարկոս Պիզելին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած քաղաքականությանը. մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականում մեծ ներդրում ունեցած ֆուտբոլիստները շարունակեն ներգրավված մնալ հայկական ֆուտբոլում, իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն հայկական ֆուտբոլի զարգացմանը: Հարավային Ամերիկան շատ կարևոր տարածաշրջան է մեզ համար: Այստեղ կան հայկական մեծաքանակ համայնքներ, որոնցում շատ են ֆուտբոլով զբաղվող երիտասարդները: Վստահ եմ, որ Մարկոս Պիզելին հենց այն անձնավորությունն է, որը կարող է գտնել հայազգի ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները»,– ասել է Մելիքբեկյանը:

Հիշեցնենք` հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում, և պարզ է դարձել, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն, որից, սակայն, Պիզելին հրաժարվել է և որոշել է ավարտել իր կարիերան:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Պիզելին անցկացրել է 66 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ: Բրազիլացի ֆուտբոլիստը 35 տարեկան է։

8
թեգերը:
Մարկոս Պիզելի, ՀՖՖ, Հայաստան
Ըստ թեմայի
17-ամյա հայ ֆուտբոլիստի գոլը հաղթանակ պարգևեց մոսկովյան «Դինամոյին»․ տեսանյութ
«Հայրիկին է քաշել». Արաս Օզբիլիսի փոքրիկ տղան գոլ է խփում. զվարճալի տեսանյութ
Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին և խնդրել վերանայել իր որոշումը