Արման Թաթոյան

Հայաստանում իրավունքների ոտնահարման վտանգավոր միտումներ կան. ՄԻՊ–ն անհանգստացած է

184
Մարդու իրավունքների պաշտպանը վերջին շրջանի քրեական գործերի դիտարկման ընթացքում մի շարք վտանգավոր երևույթներ է արձանագրել, որոնք կարող են անհանդուրժողականության մթնոլորտ ձևավորել։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Վերջին ժամանակահատվածում հարուցված քրեական գործերի քննության գործընթացում նկատվում են իրավունքների ոտնահարման վտանգավոր միտումներ։ Դրանց դիտարկման ընթացքում այսպիսի եզրահանգում է արել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Վերջին ժամանակաշրջանի քրեական գործերի հետ կապված ուսումնասիրությունները վկայում են, որ պաշտոնատար անձինք անում են հայտարարություններ ու տալիս գնահատականներ, որոնք ակնհայտորեն առաջացնում են անձի մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հասարակական ընկալումներ այն պայմաններում, երբ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Արդյունքում առաջանում է հանրային բարձր ճնշում դատարանի նկատմամբ»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ։

Պաշտպանն անթույլատրելի է համարում նաև պետական մարմինների այնպիսի ձևակերպումներն ու գնահատականները, որոնք կարող են հասարակության մոտ զգայական արձագանքներ առաջացնել կամ նպաստել դրանց ձևավորմանը:

Անմեղության կանխավարկածի ոտնահարման նման դեպքերն, ըստ պաշտպանի, կարող են արժեզրկել հանցավորության դեմ պայքարի նպատակները և խաթարել արդարադատության ամբողջ գործընթացը:

ՄԻՊ-ը դրանով է նաև պայմանավորում փաստաբանների նկատմամբ հանրության որոշ հատվածի մոտ առկա բացասական վերաբերմունքը, սոցիալական կայքերում նրանց հասցեին արված վիրավորական մեկնաբանություններն ու սպառնալիքները։

«Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ փաստաբանը ներկայացնում ու պաշտպանում է անձի, ում պետությունը կասկածում կամ մեղադրում է կոնկրետ, բայց ենթադրյալ հանցանքի կատարման մեջ։ Փաստաբանի առաքելությունն է այդ անձի համար քրեական վարույթի ընթացքում ապահովել որակյալ իրավաբանական օգնություն, իրավական պատշաճ պաշտպանություն մեղադրանքից։ Սա որևէ կերպ չի նշանակում, թե փաստաբանն արդարացնում է հանցագործությունները կամ ապահովում անպատժելիություն։ Փաստաբանի մասնագիտական գործունեությունն ուղղված է հնարավոր ապօրինի հետապնդումից կամ ապօրինի ազատազրկումից յուրաքանչյուրի պաշտպանությանը»,- իր հայտարարության մեջ մանրամասնում է Թաթոյանը։

Պաշտպանն արձանագրել է, որ նման քննարկումներում ներգրավված անձանց թիվը զգալի ավելացել է, ընդ որում նրանց շարքերում մեծ է առերևույթ կեղծ օգտատերերի թիվը, որոնց մեկնաբանություններն առանձնանում են ագրեսիվությամբ: «Այս ամենն իր հերթին հանգեցրել է այլակարծության հանդեպ անհանդուրժողականության խորացման»,- նշում է պաշտպանը։

Արման Թաթոյանն ընդգծում է, որ միջազգային իրավունքի համաձայն`եթե անգամ նման իրավիճակի հրահրողը պետությունը չէ, վերջինը պարտավոր է առավելագույն ջանքեր գործադրել իրավիճակը մեղմելու համար:

184