ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Անտառում քաղաքացու ճանապարհը փակելու և գումար պահանջելու իրավունք որևէ մեկը չունի։ Այսօր` Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը, Իջևանի տարածաշրջանի համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` միաժամանակ կարևորելով, որ պահպանվեն բոլոր կարգերը։
«Պատասխանատվություն է կրելու կառավարիչը` տառացիորեն ամեն ծառի համար»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը մարզի բնակիչներին հայտնեց` անտառների պահպանման հարցով կառավարությունում կայացած քննարկման ընթացքում կարևորվել է, որ անտառների պահպանությունը պատվիրակվի նաև մասնավոր ընկերություններին։
«Երկու պայման կա. առաջինը, որ անտառները կառավարման հանձնելուց հետո դրանց հասանելիությունը մարդկանց համար որևէ ձևով չսահմանափակվի, երկրորդ` կառավարչի պատասխանատվությունը»,- ասաց վարչապետը։
Հիշեցնենք` նման փորձ արվեց շուրջ երկու տարի առաջ, երբ «Դիլիջան» ազգային պարկում բացահայտված լայնամասշտաբ ծառահատումներից հետո կառավարությունը որոշեց անտառների պահպանությունը հանձնել «Պանտերա Սիքյուրիթի» մասնավոր պահնորդական կազմակերպությանը։
Դրանից հետո պահապանների ու տեղի բնակիչների հարաբերություններն աստիճանաբար լարվեցին։
Ի վերջո, 2017 թվականի հոկտեմբերի 13-ին, ժամը 20:50-ի սահմաններում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի այցի պահին մի խումբ անձինք հարձակվել էին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերության պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխատակիցների վրա, հրկիզել ընկերության հսկիչ անցագրային հենակետ հանդիսացող վագոն-տնակը և փախել:
2018 թվականի հունվարի 1-ին «Պանտերա Սեքյուրիթի» ընկերության պայմանագրի ժամկետը լրացել է, և այդ ընկերությունը հեռացել է Դիլիջանից: Բայց բնակչության շրջանում դժգոհությունների ալիքը ծառահատումների դեմ պայքարի դեմ չի մարում։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:
«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։
«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։ «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին նշանակվել է Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Մարկոս Պիզելին խոսել է իր զգացողությունների, ծրագրերի և նպատակների մասին։
«Շատ երջանիկ եմ կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար: Կանեմ առավելագույնը՝ Հայաստանին վերադարձնելու այն ամենը, ինչ այդ երկիրն է տվել ինձ: Իմ գործառույթներից մեկը կլինի տարբեր միջոցառումների ժամանակ Հայաստանը ներկայացնելը: Բացի այդ, ես պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատեմ Հարավային Ամերիկայում հայկական սփյուռքի հետ: Հնարավոր է՝ կարողանամ նոր ֆուտբոլիստներ հայտնաբերել, որոնք ապագայում կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը: Ես մեծ ցանկություն ունեմ սովորելու: Վստահ եմ՝ ՀՖՖ-ն կաջակցի ինձ այդ հարցում, իսկ ես կփորձեմ իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,– ասել է նա:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս անդրադարձել է Մարկոս Պիզելիի նշանակմանը:
«Մոտ մեկ ամիս առաջ արդեն հայտարարել էինք Յուրա Մովսիսյանի՝ Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան նշանակվելու մասին: Այժմ որոշել ենք, որ նմանատիպ գործառույթներով Հարավային Ամերիկայում կզբաղվի մեր նշանավոր ֆուտբոլիստներից ևս մեկը՝ Մարկոս Պիզելին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած քաղաքականությանը. մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականում մեծ ներդրում ունեցած ֆուտբոլիստները շարունակեն ներգրավված մնալ հայկական ֆուտբոլում, իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն հայկական ֆուտբոլի զարգացմանը: Հարավային Ամերիկան շատ կարևոր տարածաշրջան է մեզ համար: Այստեղ կան հայկական մեծաքանակ համայնքներ, որոնցում շատ են ֆուտբոլով զբաղվող երիտասարդները: Վստահ եմ, որ Մարկոս Պիզելին հենց այն անձնավորությունն է, որը կարող է գտնել հայազգի ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները»,– ասել է Մելիքբեկյանը:
Հիշեցնենք` հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում, և պարզ է դարձել, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն, որից, սակայն, Պիզելին հրաժարվել է և որոշել է ավարտել իր կարիերան:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Պիզելին անցկացրել է 66 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ: Բրազիլացի ֆուտբոլիստը 35 տարեկան է։


