ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Նուբարաշենի հոգեբուժարանում շինարարական աշխատանքներ են ընթանում։
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ֆեսյբուքյան էջը ներկայում ՀԱՊԱԿ, նախկինում Նուբարաշենի հոգեբուժարանի մի քանի տասնամյակ չվերանորոգված և անմխիթար պայմաններում գտնվող երկու բաժանմունքների նկարներն է հրապարակել և տեղեկացրել, որ նոր ղեկավարության ջանքերով սկսված վերանորոգման արդյունքում շատ շուտով կունենանք բժշկական օգնության և սպասարկման հոգեբուժական ստացիոնար բժշկական օգնության պահանջներին համապատասխան և հարմարավետ բաժանմունքներ։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ այս ինֆորմացիան տեղադրել է Facebook-ի իր էջում ու մակագրել.
«Սկսում ենք բաժին-առ-բաժին վերանորոգել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը (նախկինում՝ Նուբարաշենի հոգեբուժարան), որը տասնյակ տարիներ գրեթե չի վերանորոգվել։
Վերանորոգումը կատարվելու է առանց հավելյալ ֆինանսական միջոցներ ներգրավելու՝ միմիայն ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու շնորհիվ։
Մենք կարևորում ենք ցանկացած պացիենտի հարմարավետությունը և առողջությունը՝ անկախ առողջական խնդրի բնույթից։
Հ.Գ. շնորհակալ կլինենք նոր մահճակալներ ձեռք բերելու հարցում օգնություն ցուցաբերելու դեպքում»։
Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին լարված իրավիճակ էր ստեղծվել Նուբարաշենի հոգեբուժարանում։ Աշխատակազմը չէր ընդում նոր ղեկավարության աշխատաոճը և դիմել էր գործադուլի։