ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 19-ին, հավանություն տվեց ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը: Ստուգումների արդյունքները զարմացրին վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2017-ին, ընդհանուր առմամբ, 44 ստուգում է իրականացվել, որոնք եղել են և՛ ծրագրավորված ստուգումները, և՛ իրավապահների պահանջով իրականացված, նաև վարչապետի հանձնարարականով իրականացված ստուգումները: Արձանագրվել է 4 մլրդ 978 մլն դրամի խախտում, որից վերականգնվել է 1 մլրդ 109 մլն դրամ:
«Իսկ ո՞ւր է մնացածը», — հարցրեց Փաշինյանը։
Ջանջուղազյանը պարզաբանել է, որ փողերի մի մասն անհնար է վերականգնել, իսկ մնացածի համար որոշակի ընթացակարգեր են պետք։
Այդ բացատրությունը բավարարեց Փաշինյանին, և հաշվետվությունն ընդունվեց։
Նշենք, որ անարդյունավետ բյուջետային ծախսերի դեմ պայքարը կառավարությունը հայտարարել է առաջնահերթություններից մեկը։
Հայաստանում իշխանափոխությունից հետո, մայիսի 8-ից սկսած, Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը և Ազգային անվտանգության ծառայությունը մոտ 60 հաղորդագրություն են տարածել կոռուպցիոն բացահայտումների մասին։ Մեծ մասամբ խոսվում է ապօրինի ծագման փողերի բացահայտման, պետական միջոցների հափշտակման, ապօրինի հարստացման դեպքերի և անօրինական ճանապարհով ձեռք բերած գույքի մասին։