Տարոն Մարգարյանի դեմ ուղղված բողոքի ակցիա, արխիվային լուսանկար

Ո՞վ կնստի Տարոն Մարգարյանի աթոռին. կանայք ակտիվացել են

232
(Թարմացված է 14:42 18.07.2018)
Երևանի քաղաքապետի ընտրությունների թեման քննարկում են թե՛ լրատվամիջոցները, թե՛ հասարակությունը։ Ընտրությունների կանխատեսման սեփական տարբերակն ունի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Ո՞վ կդառնա Երևանի հաջորդ քաղաքապետը. սա այն հարցն է, որն այսօր հուզում է հայ հասարակությանը։

Հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանն աթոռը լքեց 7 տարվա պաշտոնավարումից հետո։ Այժմ նրա պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

Այս պաշտոնի հնարավոր թեկնածուների շարքում շրջանառվում են քաղաքական մի շարք գործիչների անուններ, սակայն միակ քաղաքական ուժը, որ հայտարարել է իր թեկնածուի մասին, «Երկիր ծիրանին է», որն այդ պաշտոնում տեսնում է իր առաջնորդ Զարուհի Փոստանջյանին։

Մյուս երկու խմբակցությունները` «Ելքն» ու ՀՀԿ-ն, հրաժարվել է թեկնածուներ առաջադրել։

Ի դեպ, բացի Փոստանջյանից, ԶԼՄ-ներում քննարկվում է նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի թեկնածության հնարավորությունը։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը վստահ չէ, որ Զոհրաբյանի թեկնածությունը կառաջադրվի։

Դեռ Մարգարյանի հրաժարականից առաջ լուրեր պտտվեցին, որ քաղաքապետի թեկնածուի հնարավոր թեկնածուներից է նաև «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանը։

Փորձագետը կարծում է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում կին թեկնածուի հաղթանակը հնարավոր է, բայց քիչ հավանական։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Քոչարյանը նշեց, որ հարց է ծագում` կին քաղաքապետը կկարողանա՞ գլուխ հանել բազմաթիվ խնդիրներ ունեցող քաղաքի կառավարումից։

Այդ պատճառով էլ առավել հավանական թեկնածուն Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանն է, որը ոչ վաղ անցյալում փորձում էր քաղաքապետի աթոռին հասնել, բայց նստեց պատգամավորի աթոռին։

Հիմա իրավիճակն արմատապես փոխվել է։ Խոսակցություններ են պտտվում Սիմոնյանի կուսակցի` ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի և դերասան Հայկ Մարությանի` Կարգին Հայկոյի հնարավոր թեկնածությունների մասին։

«Կարելի է անվերջ քննարկել այս հարցը, բայց չեմ կարծում, որ Երևանի քաղաքապետի աթոռին կին կնստի։ Սակայն վստահ եմ, որ քաղաքապետ կդառնա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը»,- ասաց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա փորձագետը կարծում է, որ այս կուսակցությունն ընդհանարապես մտադիր չէ մասնակցել ընտրություններին։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու խորհրդի` հուլիսի 16-ին կայացած նիստին, երբ պետք է նոր քաղաքապետ ընտրեին, ներկայացել էին ընդամենը 5 մարդ։ Նիստը կարող էր կայանալ, եթե ներկա լինեին ավագանու անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, այսինքն` առնվազն 33-ը։

232
թեգերը:
Տարոն Մարգարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Խաչատրյան. «Ստեղծված իրավիճակում ՀՀԿ–ն չի ցանկանում առճակատման գնալ»
Մարուքյանի կուսակցությունը կմասնակցի ավագանու ընտրությանը` Փաշինյանի հետ, թե առանց նրա
ՀՀԿ–ն չի մասնակցի Երևանի ավագանու նիստին