ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Նուբարաշենի հոգեբուժարանի աշխատակիցները միանշանակ չեն ընդունել գլխավոր բժշկի նորանշանակ պաշտոնակատար Նարեկ Վանեսյանի հրահանգները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով հոգեբուժարանում ստեղծված լարված իրավիճակը, ասաց ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Լիանա Եղիազարյանը։
«Տնօրենը աշխատանքի կազմակերպման վերաբերյալ որոշ նոր հրահանգներ էր տվել աշխատակիցներին, նոր կանոններ առաջարկել, որոնք էլ միանշանակ չէին ընկալվել կոլեկտիվի կողմից, տարընկալումներ էին եղել»,– ասաց Եղիազարյանը։
Նա նաև հայտնեց, որ երեկ երեկոյան տնօրենը հավաքել է հիվանդանոցի բոլոր 150 աշխատակիցներին։ Տվել պարզաբանումներ իր հրահանգների շուրջ, պատասխանել նրանց անհանգստացնող բոլոր հարցերին, հորդորել այսուհետ հարցեր ունենալու դեպքում դրանք ճշտել անձամբ իր հետ, ինչից հետո կրքերը հանդարտվել են։
Առողջապահության նախարարությունում վստահեցրեցին, որ այս պահին հիվանդանոցն աշխատում է բնականոն ռեժիմով։
Հոգեբուժարանում հրաժարվեցին մեր հարցերին պատասխանել ու տեղի ունեցածի վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ։
Հիշեցնենք, երեկ` հուլիսի 17-ին լարված իրավիճակ էր ստեղծվել ՀՀ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցում։
Աշխատակիցները ի նշան բողոքի գործադուլ էին հայտարարել` դժգոհելով տնօրենի պաշտոնակատարի աշխատաոճից։