Հայաստանի ազգային պատկերասրահ

Երբ է վերջին անգամ ԱԱԾ–ն այցելել Ազգային պատկերասրահ. տնօրենի մեկնաբանությունը

565
ԱԱԾ–ն ու դատախազությունն Ազգային պատկերասրահ այցելել են ու նույնիսկ ստուգումներ են իրականացրել։ Տնօրենը չի հերքում։ Բայց այլ հարց է, թե երբ է դա եղել։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. ԱԱԾ աշխատակիցներն Ազգային պատկերասրահ չեն այցելել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը` մեկնաբանելով մամուլում տարածված լուրն այն մասին, թե օրերս ԱԱԾ-ն օրերս այցելել է Ազգային պատկերասրահ ու որոշակի գործողություններ իրականացրել։

Վերջին անգամ, նրա խոսքով, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն Ազգային պատկերասրահ են այցելել տարիներ առաջ։

«Ասեմ, որ ոչ մի ստուգում չկա, ոչ ոք պատկերասրահ չի ներխուժել։ Բայց ԱԱԾ ստուգումը նորմալ գործընթաց է մի տեղ, որտեղ ազգային հարստություններն են պահպանվում»,- ասաց Ծատուրյանը։

ԱԱԾ-ից բացի, նախկինում պատկերասրահում ստուգումներ է իրականացրել նաև դատախազությունը` մամուլի հրապարակումների հետքերով։

«Բոլորը եկել են ստուգելու և ոչ մի բան չեն հայտնաբերել»,-ասաց նա։

Մամուլի հրապարակումների համաձայն` ԱԱԾ-ն այցելել է պատկերասրահ` պարզելու այստեղ պահվող մշակութային արժեքների անվտանգ պահպանությունն ու դրանց առկայությունը ֆոնդում։

«Այդ հիվանդագին խոսակցությունները մեծ վնաս են հասցնում Ազգային պատկերասրահի վարկանիշին»,- անդրադառնալով պարբերաբար տարածվող լուրերին` ասաց պատկերասրահի տնօրենը` հերքելով նաև այս կամ այն պաշտոնյային նվիրված կտավների մասին հանրության շրջանում ժամանակ առ ժամանակ տարածվող լուրերը։

«Սուտ խոսակցություններ են, իրականությանը չեն համապատասխանում։ 100 տարվա թանգարան է։ Ես չեմ բացառում, որ 50 տարի առաջ ինչ-որ բաներ եղած լինեն»,- ասաց Ծատուրյանը։

Տնօրենի խոսքով, Ազգային պատկերասրահի հավաքածուի մեծ մասը բաղկացած է նվիրատվություններից, ուստի տնօրենը չի բացառում, որ դրանց մեջ լինեն կեղծ կտավներ, որոնց կեղծ լինելու մասին նույնիսկ նվիրատուն չի իմացել։

Հիշեցնենք, որ այսօր «Փաստ» օրաթերթը հոդված էր հրապարակել` նշելով, որ պատկերասրահը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, որովհետև այս կառույցում նախորդ տարիներին բավական «հետաքրքիր» բաներ են կատարվել:

565
Ըստ թեմայի
«Չկա նման բան». ԱԱԾ պետը` Տարոն Մարգարյանի մասին
ԱԱԾ–ն ձերբակալել է քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանին (Կանևսկոյ)
Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի հերթն էլ գա. Շարմազանովը` ԱԱԾ ստուգումների մասին
«Ռեմբո» Վանեցյանն ու ԱԱԾ–ի մասին մեմերը. կատակում են սոցցանցերը