ՀՀ քննչական կոմիտե

«Մարտիկ» հիմնադրամի նախագահը ծախսել է զինվորների փողերը. քրեական գործ է հարուցվել

464
(Թարմացված է 17:21 10.07.2018)
Քննչական կոմիտեն փորձում է պարզել` ուր են «Մարտիկ» հիմնադրամի գումարները։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել «Մարտիկ» հիմնադրամում արձանագրված չարաշահումների դեպքով։ Կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` քրեական գործը հարուցվել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա իրականացված քննության արդյունքներով։

Պարզվել է, որ 2008-2017 թթ. —ին «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի կատարած վարչական ծախսերը 10 տոկոսով կամ 26 191 377 ՀՀ դրամով գերազանցել են ընդհանուր ծախսերը։

Քրեական գործը նշված փաստով հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Նախաքննական մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի լիազորությունները չարաշահելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Մարտիկ» հիմնադրամը ստեղծվել է 2002թ-ին։ Հիմնադրամի գործադիր տնօրենը Սեդրակ Սեդրակյանն է: Հիմնադրամի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` հիմնադիրների թվում են Սերժ Ազատի Սարգսյանը, Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանը։ Իսկ Վլադիմիր Գասպարյանը, Հայկ Հարությունյանը, Սաշա Սարգսյանը, Երվանդ Զաքարյանը, Աղվան Հովսեփյանը, Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Նազարյանը կայքում ներկայացված են որպես քարոզիչներ։ Հիմնադրամի ֆինանսական միջոցները, կանոնադրության համաձայն, պետք է գոյանան տարբեր նվիրատվություններից և անդամավճարներից:

464